01/12/2026

Թյուր կարծիք կա, որ մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. Փաշինյան

Թյուր կարծիք կա, որ մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. Փաշինյան

Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք նախընտրական խոստում ենք տվել, որ կառավարության կազմը պետք է փոխվի, նախարարությունների թիվը պետք է կրճատվի. մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով: Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այս նախարարությունների կրճատման իմաստն ու նպատակն ամենեւին էլ փող խնայելը չէ. «Այստեղ նպատակը շատ ավելի կարեւոր է՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա միակ նպատակն է, որ կարելի է եւ արժե ձեւակերպել: Այս առումով, իսկապես, մեզ լուրջ աշխատանք է սպասվում: Մենք կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով: Երկու օր առաջ նաեւ ամբողջ կառավարության ֆորմատով եւ դեռ էլի քննարկումներ կունենանք: Իհարկե, մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով, որի համար ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասին եւ կկայացնենք առավել բալանսավորված որոշում:

Մենք իհարկե, կգնանք հետեւողական, հաստատուն, մտածված քայլերով եւ համոզված եմ, որ արձանագրված լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը եւ պետք է գոհացնեն բոլոր այն մարդկանց, որոնք մտահոգված են ՀՀ-ում պետական կառավարման արդյունավետության խնդիրներով»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թյուր տպավորություն կա, թե իշխանությունները ուզում են խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա: «Ընդհակառակը, տվյալ դեպքում խնդիրը շատ հստակ է ձեւակերպված՝  Սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները եւ գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ եւ հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության եւ կոնսենսուսի: Մեր խնդիրն այստեղ հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է»,-հայտարարեց Փաշինյանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: