01/13/2026

Այս պահին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ բնակվում է 20-26 տարեկան 7 չափահաս անձ. ՄԻՊ

Այս պահին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ բնակվում է 20-26 տարեկան 7 չափահաս անձ. ՄԻՊ

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ կապված կան խնդիրներ․ որոշ տեղերում երեխաների հետ բնակվում են նաև չափահաս անձինք, որոնց տարիքը հասնում է մինչև 30-ի։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ նշել է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին,  երեխաների իրավունքներին առնչվող հարցերը պահում է հատուկ ուշադրության կենտրոնում։

Այս պահի դրությամբ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ շարունակում է բնակվել (գիշերելով) 7 չափահաս անձ (20-26 տարեկան):

Այս խնդիրը մանրամասն ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ, որը դեռ անցյալ տարի հրապարակվել է,  ուղարկվել է Ազգային Ժողով, Կառավարություն և զանգվածային լրատվության միջոցներին:

Կառավարության նիստում քննարկված Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի  վերաբերյալ հիմնավոր տվյալները ևս արտացոլված են վերոնշյալ հաղորդման մեջ։ Տարեկան հաղորդման մեջ նշված է, որ 2017 թվականին մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ  Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում խնամվում է հատուկ կարիքներ ունեցող 20-30 տարեկան 15 անձ, որոնք նախկինում տեղափոխվել են Նուբարաշենի հատուկ դպրոցից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և մարզպետարանի թույլտվությամբ: Նշված անձանցից 8-ը Պաշտպանի կողմից խնդրի բարձրացումից հետո տեղափոխվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոն:

Խնդիրն արձանագրվել է նաև մի շարք այլ հաստատություններում (Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Վանաձորի մանկատուն և այլն):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն արձանագրում է խնդիրները, այլ նաև  դրանք ներկայացնում է իրավասու մարմիններին և նպաստում է դրանց լուծմանը՝ ներկայացնելով խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: