01/13/2026

Երևան-Աստանա չվերթները դադարեցվում են. վերջին զարգացումները կազդե՞ն չվերթների վերաբացման վրա

Երևան-Աստանա չվերթները դադարեցվում են. վերջին զարգացումները կազդե՞ն չվերթների վերաբացման վրա

Scat Airlines ավիաընկերությունը 2019 թվականի հունվարի 15-ից ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները: Այդ մասին դեռևս անցած տարեվերջին հայտնել էր Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ըստ այդ հաղորդագրության՝ չվերթները դադարեցվում են 4 ամսով՝ մինչև մայիսի 15։

Աստանա-Երևան-Աստանա չվերթների դադարեցումն ուշագրավ է հատկապես Ղազախստանում վերջին զարգացումների ֆոնին, երբ Կարագանդայում ծագած միջադեպի պատճառով երկրում սրվեց վերաբերմունքը հայերի նկատմամբ։

Հնարավո՞ր է այս վերջին զարգացումները ազդեն, և չվերթները ավելի երկար ժամանակով դադարեցվեն կամ, առհասարակ, հանվեն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում չգիտեն, սակայն միանշանակ պնդում են, որ չվերթների դադարեցումը կապ չունի վերջին իրադարձությունների հետ, քանի որ այդ մասին հայտնի էր դարձել դեռևս նախորդ տարեվերջին։ «Ավիաընկերությունն է որոշում իր քաղաքականությունը, բայց նորմալ պրակտիկա է, երբ մի ուղղությամբ ուղևորահոսքը նվազում է, չվերթներ ուղղվում են ավելի ակտիվ ուղղություններով։ Դրա համար սա աննախադեպ բան չէ։ Միևնույն ժամանակ մենք չունենք նաև ինֆորմացիա, թե մարտի կեսերից հետո ինչ կլինի։ Կվերսկսեն չվերթները, թե ոչ։ Նման ինֆորմացիա իրենք մեզ չեն փոխանցել։ Հետևաբար` ես չեմ կարող պնդել՝ իրենք կվերսկսեն չվերթները, թե ոչ։ Բայց կարող եմ ասել, որ իրենք միշտ կանոնավոր չվերթներ արել են, շաբաթական երկու-երեք անգամ, պարզապես սեզոնով պայմանավորված իրենք ունեն ուղղություններ, որոնք ավելի ակտիվ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայազլյանը՝ հավելելով, որ ղազախական Scat Airlines ավիաընկերությունը, Երևանին զուգահեռ, առնվազն երեք այլ ուղղություններով դադարեցրել է չվերթները։

Ամեն դեպքում սա առաջին դեպքն է, երբ չվերթներն առհասարակ դադարեցվում են։ «Բայց կրկնում եմ, ավիաընկերությունները զարգացող օրգանիզմներ են, և եթե սեզոնին մի ուղղություն ակտիվանում է, բնական է, որ կարող են նման քայլի դիմել, քանի որ սա բիզնես է, և բիզնեսը չի կարող թույլ տալ դատարկ օդանավը թռչի ու ինքը վնասներ կրի՝ անտեսելով այլ ուղղությամբ ավելի եկամտաբեր թռիչքները։ Ամեն ավիաընկերություն իր քաղաքականությունն է իրականացնում և դա կապել այլ հանգամանքներով, ես չէի անի։ Առավել ևս, եթե չունեմ դրա մասին փաստող կոնկրետ ինֆորմացիա»,- ասաց Ստեփան Փայազլյանը։

Նշենք, որ Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Scat Airlines-ը, Աստանա-Երևան կանոնավոր չվերթը իրականացնում էր 2017 թվականի մայիսի 31-ից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: