05/28/2022

Իվան Ղուկասովի գիրքը՝ նվիրված զորահրամանատար Հրաչ Անդրեասյանին

Իվան Ղուկասովի գիրքը՝ նվիրված զորահրամանատար Հրաչ Անդրեասյանին

Լույս է տեսել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի մասին գիրքը, որի հեղինակն է ՀՀ ԶՈՒ Ռազմական հետախուզության հիմնադիր, գնդապետ Իվան Ղուկասովը:

Վերջերս հանդիպեցի իմ վաղեմի ծանոթներից սիրված զինվորական, մտավորական, ՀՀ ԶՈՒ Ռազմական հետախուզության հիմնադիր, գնդապետ Իվան Ղուկասովին, ով պատմեց իր հրատարակած աշխատության մասին, որի վերնագիրն է «Հայաստանի անվանի զորահրամանատար գեներալ-լեյտենանտ Հրաչ Հմայակի Անդրեասյան», նշեց նաեւ, որ դա իր՝ նախկինում հրատարակած ռուսերեն համանուն գրքի հայերեն լրացված ու բարեփոխված տարբերակն է:

Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աջակցությամբ։

Հաշվի առնելով այդ ամենը, հարցազրույցի հրավիրեցի գրքի հեղինակին եւ սիրված զորահրամանատարին։ 

Ստորեւ՝ գնդապետ Իվան Ղուկասովի հետ մեր հարցազրույցը։

-Պարոն գնդապետ, թույլ տվեք նախևառաջ շնորհավորել գրքի հրատարակության առիթով:

-Շատ շնորհակալություն:

 - Ե՞րբ եք ծանոթացել մեծ զորահրամանատարի հետ, ի՞նչ կպատմեք նրա մասին:

-Գեներալ Հրաչ Անդրեասյանի մասին առաջին անգամ լսել եմ Աֆղանստանում, որտեղ 1981թ. օգոստոսից մինչեւ 1984թ. հուլիս ծառայում էի որպես Աֆղանստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության պետի խորհրդական։

1981թ., որպես «Վոստոկ» գոտու ավագ զինվորական խորհրդականի օգնական, Աֆղանստան ժամանեց Պետրոզավոդսկում 6-րդ համազորային բանակի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա Վադիմ Նակորյակովը։ Իմանալով, որ հայ եմ, նա հարցրեց. «Ընկեր գնդապետ, ճանաչում ե՞ք ձեր հիանալի հայրենակցին՝ 6-րդ համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանին»։

Ես պատասխանեցի, որ չեմ ճանաչում։ Վադիմը, ում հետ այդ կայազորում երեք ամիս ծառայեցի, մի քանի անգամ մեծ ոգևորությամբ պատմում էր գեներալի մասին՝ նշելով նրա բարձր զինվորական պատրաստվածությունը, գերազանց գործնական, բարոյական եւ հոգեբանական հատկանիշները։ Ամենօրյա գործունեության պայմաններում, զորավարժություններում նա կարողանում էր իրավիճակին համապատասխան արագ որոշումներ ընդունել։

Հայոց բանակի ականավոր զորահրամանատար Հրաչ Հմայակի Անդրեասյանը ծնվել է1932թ. հունվարի 29-ին՝ Կրասնոդարում։ 1950թ. ավարտել է Նովոչերկասկի Սուվորովյան, 1952 թվականին՝  Թբիլիսիի հետեւակի ուսումնարանները, 1966 թվականին՝ Ֆրունզեի անվան, ապա ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ 

1952-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ Անդրկովկասյան, Լենինգրադյան, Կիեւի, Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգներում եւ ԳԴՀ-ում ու Չեխոսլովակիայում տեղակայված զորախմբերում՝ մոտոհրաձգային գնդի, դիվիզիայի, զորամիավորման հրամանատար, ռազմական խորհրդի անդամ, իսկ 1981 թվականից՝ գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ, նույն օկրուգի զորահրամանատարի առաջին տեղակալ եւ Ռազմական խորհրդի անդամ: Հետագայում՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Չեխոսլովակիայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետին առընթեր։ 

Գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանն արժանացել է ԽՍՀՄ, Գերմանական Դեմոկրատական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ մի շարք այլ պետությունների բարձր պարգեւների՝ շքանշանների ու մեդալների:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2000թ. մայիսին գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, որը հանձնվել է նրա այրուն՝ Ժաննա Աղասու Անդրեասյանին (զորավարի մահվան տարելիցի օրը՝ նրա հուշարձանի բացման օրը):

Ես գեներալ-լեյտենանտ Անդրեասյանի հետ ծանոթացել եմ 1992թ. ամռանը, երբ նոր էր եկել Հայաստան, իսկ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղի հյուսիսում:

Ի՞նչ կպատմեք Ձեր մասին, ինչպես նշանակվեցիք այդ բարձր պաշտոնին:

-Ես գնդապետ Իվան Ղուկասի Ղուկասովն եմ։ Ծնվել եմ 1933թ. օգոստոսի 18-ին Բաքու քաղաքում: Ծնողներս արմատներով Գորիսի շրջանի Հարժիս (Յայջի) գյուղից են: 1924թ. հայրս` Ղուկասը, աշխատանք փնտրելով մեկնել է Բաքու, որտեղ անցել է աշխատանքի՝ որպես նավթահորի վերանորոգման բանվոր, այնուհետեւ` վարպետ: Մայրս` Փառանձեմը, եղել է ընտանեկան օջախի ջերմության պահողը, ծնել, մեծացրել ու դաստիարակել է երեք որդի (Արկադիա, Անուշավան, Իվան) եւ մեկ աղջիկ (Նուրվարդ): 1952թ. ավարտել եմ Բաքվի 166-րդ միջն. դպրոցը եւ ընդունվել Խարկովի հրամանատարա-տանկային գվարդիական ուսումնարանը: Ավարտել եմ եւ իմ ընտրությամբ (որպես բարձր առաջադիմությամբ շրջանավարտ) նշանակվել սպայական ծառայության Անդրկովկասյան զինօկրուգի 75-րդ մոտոհրաձգային դիվիզիայի տանկային գնդում (Նախիջևանում)` զբաղեցնելով դասակի հրամանատարի պաշտոնը: Գործող պահանջների համաձայն` լավագույն արդյունքների հասնելու շնորհիվ, 1958թ. ընդունվել եմ ԽՍՀՄ ԶՈՒ զրահատանկային զորքերի ակադեմիա, որն ավարտել եմ 1963թ. եւ նշանակվել տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Բելոռուսական զինօկրուգում (ք. Բորիսով): Ինչ վերաբերվում է Արցախյան պատերազմի տարիներին, ապա ասեմ, որ պատմական ակնարկ եմ ցանկանում անցկացնել՝ ինչպես սկսվեց Արցախյան շարժումը եւ հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին։

Արցախյան շարժումը սկսվել է 1988 թվականին, այդ ժամանակ ստեղծվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, որպեսզի դիմակայեն ադրբեջանցիներին։ Ջոկատները մարտնչում էին առանձին-առանձին, իսկ Հայաստանի վարչապետ Վազգեն Մանուկյանի որոշմամբ 1991թ. մայիսին ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն։ Սա առաջին ռազմական հաստատություն էր, որ խնդրի լուծումն որոշեց ինքնուրույն կարգավորել՝ ստեղծելով Հայաստանի զինված ուժերը, մինչ այդ ոստիկանական զորքերն էին։

Եվ այսպես սկսվեց Ադրբեջանի դեմ պատերազմը, ու  նշանակվեցի Պաշտպանության կոմիտեի հետախուզության վարչության պետ։

Արդեն 1991թ. մայիսին՝  մարդկանց ընտրելով, նրանց առջեւ խնդիրներ էի դնում, լինում էի Ադրբեջանի հետ շփման գծում եւ այլն։

Ինչպե՞ս ծնվեց Ձեր՝ գիրք  գրելու գաղափարը, պատրաստվո՞ւմ եք այն թարգմանել նաև այլ լեզուներով

- Հաշվի առնելով գեներալ-լեյտենանտ Անդրեասյանի՝ կամավոր կերպով ծավալած գործունեությունն ու նվիրվածությունը հայրենիքին եւ նրա ունեցած սպայական բարձր հատկանիշները, որոշեցի գրել նրա մասին։ Գրքի ռուսերեն տարբերակը 2001թ. լույս է տեսել Ռոստովում։ Իսկ հիմա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ լույս է տեսել նաեւ գրքի հայերեն տարբերակը։

 Մի քանի խոսքով ներկայացրեք, խնդրեմ, գիրքը: 

-Գիրքը գեներալների, սպաների ու զինվորների, ինչպես նաեւ մեր երկրի բարձրագույն ղեկավարության՝ սկսած նախագահից, մինչեւ պետնախարարների մասին է, ովքեր զբաղվում էին պաշտպանության հարցերով, ի վերջո հայ ժողովրդի մասին է, որ միավորվեց ու կրեց այն բոլոր դժվարությունները, որոնք հանդիպեցին Արցախյան գոյամարտի տարիներին։

Ի վերջո գրքի վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ այն նվիրված է հայ ժողովրդի պանծալի զավակներից ու նվիրյալներից մեկին՝ Հրաչ Անդրեասյանի կյանքին ու անցած ուղուն։ Գրքում պատմվում է1993-1994թթ. Արցախյան պատերազմի վճռական փուլում հայոց բանակին հաղթանակ ապահոված եւ բոլորիդ հայտնի-անհայտ հրամանատարներին ղեկավարած ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի հերոսական ուղու մասին, ով իր կյանքը չխնայելով պայքարեց հայրենիքի պաշտպանության, բարեկեցիկ ապագայի համար։

-Ինչպե՞ս կնկարագրեք Հրաչ Անդրեասյանին:

-Նա հոգատարությամբ էր վերաբերվում բոլոր ենթականերին՝ սպաներին ու զինվորներին։ Հարգանքի խոսքեր էր ուղղում Հայաստանի Հանրապետության ղեկավարության հասցեին։ Կարմրադրոշ Հյուսիս-Կովկասյան զինվորական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի ծառայողական բնութագրում նշված է.«Պատրաստված, կարգապահ գեներալ է։ Հրամանատարաշտաբային պաշտոններում աշխատանքի մեծ փորձ ունի։ Հմտորեն կազմակերպում եւ անց է կացնում հրամանատարաշտաբային եւ զորային զորավարժությունները, օկրուգի գեներալների ու սպաների հետ պարապմունքները։ Մեծ ուշադրություն է հատկացնում շտաբի նախապատրաստմանը, ժամանակին կազմակերպում զորքերին խնդիրների առաջադրումը եւ իրագործում դրանց կատարման հսկողությունը։ Շտաբը, որպես կառավարման մարմին, համախմբված եւ աշխատունակ է»։

 Հայկական բանակում գեներալ-լեյտենանտ Անդրեասյանը եղել է խորհրդային զինված ուժերում ամենաբարձր պաշտոնն զբաղեցրած սպան։

Հայաստանի անկախությունից հետո Հրաչ Անդրեասյանը չափազանց էական ազդեցություն ունեցավ ՀՀ ԶՈՒ կայացման գործում եւ պատահական չէ, որ երկրի համար կարեւորագույն, վճռական տարիներին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Ի վերջո նրա ներդրումը ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության ու բանակաշինության գործում անուրանալի է։ Նա հսկայական ավանդ է ներդրել ՀՀ զինված ուժերի ձևավորման եւ ամրապնդման գործում։ Ունենալով զորամասերի եւ միավորումների ղեկավարման մեծ փորձ՝ Անդրեասյանի դերը կարեւորագույն օպերատիվ-ռազմավարական օպերացիաների մշակման ու ղեկավարման գործում մեծ էր նորաստեղծ բանակի համար։ Այսպիսով նա ավարտին հասցրեց իր հայրենանվեր ու հայրենասիրական գործը։

- Ինչպիսի՞ ընդունելության արժանացավ գիրքը հասարակության, մտավորականների ու զինվորականների կողմից:

-Երբ 2001թ. լույս տեսավ գրքի ռուսերեն տարբերակը, 30 օրինակ նվիրեցի Մոսկվայում, հատկապես՝ Ստեփան Միկոյանին, նրա եղբորը՝ Սերգոյին, ով Մոսկվայի պետական համալսարանում դասախոս էր, պատմական գիտությունների դոկտոր։ Երբ նա վերցրեց գիրքը, զանգահարելով ինձ, ասաց. «Իվան Ղուկասի, Դուք հրաշալի գիրք եք հրատարակել՝ գրելով հիասքանչ անձնավորության մասին, ում ցավոք չեմ ճանաչել»։

Գիրքը նվիրել եմ նաև գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցին, ով կարդալուց հետո ասաց. «Իվան Ղուկասի, Դուք խաչքար-հուշարձան եք կանգնեցրել գեներալ Անդրեասյանի համար», իսկ ես նրան ասացի, որ ինքն է իր գործունեությամբ իրեն խաչքար-հուշարձան կանգնեցրել: Գիրքը նվիրել եմ նաեւ մի շարք հայազգի գեներալների ու այլոց, ովքեր եւս դրական ընդունեցին ու իրենց կարծիքները հետագայում արտահայտեցին։

Ի վերջո հայ ժողովուրդը կարող է հպարտանալ իր զավակի՝ խորհրդային բանակում ծառայության ընթացքում ունեցած հաջողություններով եւ մեր երկրի մարտական հզորության ամրապնդման գործում ունեցած ավանդով։

 Իսկ ինչ վերաբերվում է գրքին, ապա ասեմ, որ ռուսերեն ու հայերեն տարբերակներն արժանացել են մեծ ընդունելության թե՛ զինվորականության, թե՛ մտավորականների շրջանում։

Հուսանք, որ սույն գրքով կրթվելու են մեր բանակի ապագա բարձրաստիճան զինվորականներն ու ռազմական փորձագետները։

-Ի՞նչ կպատմեք  Արցախյան պատերազմին նրա ունեցած մասնակցության մասին:

-1992-1994 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետԱնդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավ-արեւելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տեղ ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։

Որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:

-Արդյո՞ք այն նոր էջ կբացի հայ ռազմարվեստի պատմության մեջ:

- Ես չէ, որ պետք է որոշեմ ու գովաբանեմ գիրքը։ Դրանով թող զբաղվեն պատմաբանները, փորձագետները։ Կարծում եմ, որ գիրքն օգնելու է երիտասարդությանը՝ ճիշտ պատկերացում կազմել խորհրդային ականավոր զորապետ, Հայաստանի անվանի զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի կյանքի եւ գործունեության մասին, որպեսզի ըստ արժանվույն գնահատվի նրա ներդրումն Արցախյան ազատամարտում հաղթանակի կերտման գործում։

 Հայ ժողովուրդը պետք է հպարտանա գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանով, խորհրդային բանակում ծառայության ընթացքում ունեցած հաջողություններով եւ ՀՀ ռազմական հզորության ամրապնդման գործում ունեցած ավանդով։

-Ձեր խոսքը՝  զինվորականներին ու երիտասարդներին:

-Իմ խորհուրդն է, որ բոլոր զինծառայողներն ուսումնասիրեն Ադրբեջանի հետ պատերազմի պատմությունը, իմանան յուրաքանչյուր զինվորի, սպայի սխրանքը։ Եվ կուզենայի, որ բոլոր զորամասերում նկարագրված լինի տվյալ զորամասի անցած մարտական ուղին։

Գարիկ Ավետիսյան

Արցախի Հանրապետություն, Մարտակերտ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: