03/25/2026

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության շրջանակներում առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ որոշում չի կայացվելու: Հունվարի 16-ին տեղի ունեցած ԱԺ նիստում այս մասին ասաց  Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք ունենք ուժեղ մանդատ, բայց մենք առաջնորդվելու ենք Հայաստանի շահերով, ժողովրդի որոշումներով: Ես վերահաստատում եմ, որ պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու քաղաքականությունը»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին:

«Վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի ներկայացուցչի հետ կարող է բանակցել Հայաստանի անունից, և նա պահել է այս տրամաբանությունը: Այն տպավորությունը, որ Երևանը հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, թյուր է, դրանք շարունակում են մնալ օրակարգում: Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրը բանակցային ձևաչափի շարունակականությունն ապահովելն էր: Երբ հեղափոխության ժամանակ մենք նշում էինք, որ արտաքին քաղաքական վեկտորներում կտրուկ փոփոխություններ չեն լինելու, նաև նկատի ունեինք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափը»,- ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

Ռուբինյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում կարևոր, բովանդակային փուլ չի սկսվել:

Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի 3 խմբակցությունները առաջադրեցին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8,  «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը 1 հանձնաժողովում:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:  ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց ,Բարգավաճ Հայաստանե խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: