01/13/2026

ԱԺ-ում ռուս համայնքի ներկայացուցիչը հետաքրքրվում է՝ ի՞նչ են անելու ռուսերենը որպես երկրորդ լեզու ՀՀ-ում պահելու համար

ԱԺ-ում ռուս համայնքի ներկայացուցիչը հետաքրքրվում է՝ ի՞նչ են անելու ռուսերենը որպես երկրորդ լեզու ՀՀ-ում պահելու համար

Խորհրդարանում, որպես ռուսական համայնքի ներկայացուցիչ պատգամավոր դարձած «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը Մխիթար Հայրապետյանին հարց ուղղեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանում ռուսաց լեզուն որպես երկրորդ լեզու պահպանման տեսանկյունից ու ո՞րն է ձեր տեսլականը՝ հետագայում ռուսաց լեզվի պահպանման հարցում. «Ինչպես գիտենք, ԵԱՏՄ անդամ ենք, որտեղ աշխատանքային լեզուն ռուսերենն է, վերջիվերջո ՌԴ-ն մեր ամենամեծ սփյուռք ունեցող բարեկամական, եղբայրական երկիրն է»: Սանդիկովն ասաց, որ հետխորհրդային շրջանից նկատվում է, որ ռուսերենը կորցնում է իր կարեւորությունը ՀՀ-ում:

Հիշեցնենք, որ Մխիթար Հայրապետյանը առաջադրվել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նա պատասխանեց, որ այդ հանձնաժողովը քաղաքականություն մշակող չէ ու ի պաշտոնե այդ հարցերին չի կարող պատասխանել: Նա ներկայացրեց իր անձնական կարծիքը. «Ես ինքս չեմ տեսնում կարեւորության նվազեցում ռուսերեն լեզվի: Կարծում եմ, բոլոր հնարավորությունները կան, որ թե՛ դպրոցում, թե՛ բուհում լեզվի ուսուցման համար: Եթե որեւէ խոչընդոտների դուք ինքներդ հանդիպել եք, ապա ուրախ կլինենք, որ դուք ներկայացնեք նաեւ հանձնաժողովին ու մենք գործադիրից մեր գործընկերների հետ պատրաստ ենք քննարկել»:

Սանդիկովն ասաց, որ պատրաստ է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել. «Սա ինձ համար ե՛ւ համայնքի հարց է, ե՛ւ ընտանեկան հարց է, շնորհակալ կլինեմ, եթե լսեք նաեւ իմ կարծիքը»:

Սերգեյ Մովսիսյանն էլ Հայրապետյանին հարցրեց դպրոցների տնօրենների ընտրության կարգից: Ըստ նրա, հատկապես մարզերում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով են տնօրեն նշանակում: Մխիթար Հայրապետյանը պատասխանեց, որ նեղ մասնագիտական հարց է, ժամանակի ընթացքում կկարողանա դրան պատասխանել:

«Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը դժգոհեց բուհում միասնական դասագրքերի բացակայությունից, ասաց, որ երբ տվյալ դասախոսի հեղինակած դասագրքերից չեն օգտվում, այլ աղբյուրներից են օգտվում, դասախոսն ուսանողին ասում է սխալ ես ու ցածր է գնահատում: Որպես դասախոս՝ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը հորդորեց, որ այդպիսի դասախոսներին ուղարկել այլ տեղ, եթե բացի իր հեղինակած գրքերից, այլ հեղինակների գրածը չի ընդունում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

 

aravot.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: