01/13/2026

Մհեր Եղիազարյանը դադարեցնում է 44 օր տևած հացադուլը, բայց ոչ արդարության համար պայքարը

Մհեր Եղիազարյանը դադարեցնում է 44 օր տևած հացադուլը, բայց ոչ արդարության համար պայքարը
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, հունվարի 14-ի նիստում, մերժել է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի պաշտպանների միջնորդությունը, խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Նա ԱԱԾ կողմից ձերբակալվել է 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին, իսկ դեկտեմբերի 5-ին տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ հացադուլ է հայտարարել: Եղիազարյանը հացադուլը դադարեցնելու մասին է հայտարարել.
«Արդեն 44 օր գտնվում եմ հացադուլի մեջ, պահանջելով արդար քննություն, որի շնորհիվ պարզ կդառնա, թե որքան շինծու է իմ դեմ հարուցված քրեական գործը, գուցե նաև պարզվի, թե ի՞նչ ուժ կամ ուժեր են այն ուղղորդում: 

Հացադուլի ընթացքում իմ որևէ պահանջ չի բավարարվել, ինչը եւս մեկ վկայություն է իմ հետապանդման ուղղորդված լինելուն: 

Այս օրերին իմ առանց այդ էլ բազմաթիվ հիվանդություններին ավելացել են նորերը, առողջությունս հիմնավորապես քայքայվել է: 

Ես շնորհակալ եմ իմ բազմաթիվ ընկերներին, որոնք այս ամբողջ ընթացքում մնացին իմ կողքին, մեկ վայրկյան անգամ չկասկածելով իմ անմեղությանը: 

Հատկապես երախտապարտ եմ ընտանիքիս անդամներին, որոնք անդուլ հոգատարությամբ սատարեցին ինձ: 

Իմ կամքը ամուր է, և ես լի եմ վճռականությամբ՝ շարունակել պայքարս ճշմարտության համար: 

Այդուհանդերձ, ինձ վրա չափազանց ծանր է ազդել սիրելի մայրիկիս հորդորը՝ հացադուլը դադարեցնելու վերաբերյալ: 

Ուստի անսալով մորս հորդորին, հաշվի առնելով նաև հորս ծանր առողջական վիճակը, հայտարարում եմ, որ 44 – երորդ օրը դադարեցնում եմ հացադուլը, բայց ոչ պայքարը: 

Վստահ եմ, որ նոր Հայաստանում արդարությունը հաղթանակելու է:

HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյան»
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: