01/13/2026

Սահմանադրական փոփոխությունների համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից

Սահմանադրական փոփոխությունների համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից

Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Փոխենք միասին» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

ԿԸՀ-ն նախաձեռնությունը գրանցել է դեկտեմբերի 28-ին և այդ օրվանից սկսած 45-օրյա ժամկետ է սահմանել 200 հազար ստորագրություն հավաքելու համար: Սա այն պահանջն է, որը ներկայացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու համար: Ստորագրահավաք, որպես այդպիսին, դեռ չի սկսվել: Առանձին օրենքներում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է 50 հազար, սահմանադրական հանրաքվեի համար՝  200 հազար ստորագրություն:

«Փոխենք միասին» նախաձեռնության հեղինակները Սահմանադրության 34 հոդվածների փոփոխության հայտ են ներկայացրել: Դա հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով: Ըստ այդմ, 200 հազար ստորագրություն ունենալը պարտադիր է: Դեկտեմբերի 28-ից փետրվարի 10-ն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հավաքելու են ստորագրությունները: Տոնական արձակուրդներն են խանգարել, նաև ստորագրահավաքի կազմակերպման կանոնակարգը: Թույլատրվում է ստորագրահավաքի համար տարածք ունենալ միայն քաղաքապետարաններում, մարզպետարաններում ու նոտարական գրասենյակներում: Նախաձեռնությունը երեկ դիմում է ներկայացրել Գյումրիի համապատասխան կառույցներ՝ տարածք ու աշխատակից հատկացնելու համար: Նոր ժամկետներ ստանալու համար պատրաստվում է դիմել ԿԸՀ:

«Մինչև հունվարի 8-ը ոչ աշխատանքային օրեր էին: Հիմա էլ եռօրյա ժամկետում են մեզ տարածք տրամադրելու: Հատկացված ժամկետից մնում է ընդամենը 20 օր: Այդ օրերը կօգտագործենք քաղաքացիներին իրազեկելու համար: Փետրվարի 10-ին կդիմենք ևս 45 օր ստանալու համար: Սահմանադրությունում փոփոխությունների համար անհրաժեշտ է 200 հազար ՀՀ քաղաքացու ստորագրություն: Մեր կարծիքով՝ փոփոխության ենթակա հոդվածներից միայն մեկ կամ երկուսն են, որ հնարավոր է փոխել ԱԺ-ի 2/3-ի համաձայնությամբ: Մյուս փոփոխությունները հնարավոր են հանրաքվեով»,-ասել է «Փոխենք միասին» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:

Սահմանադրական փոփոխությունները, որոնք առաջարկում է նախաձեռնությունը, հիմնականում վերաբերում են նախագահի լիազորությունների մեծացմանը: Նախագահը, ըստ նրանց, պետք է ընտրվի: Սա, ըստ Հովհաննես Մարգարյանի, խորհրդարանական կառավարման մոդելը չի տանի դեպի սուպերվարչապետություն:

«Մենք շատերի հետ ենք զրուցել, բոլորն էլ կողմ են, որ ՀՀ նախագահի պաշտոնն ընտրովի լինի: Հիմա ստացվում է, որ ժողովուրդը 5 տարով կտրված է իր իշխանությունն իրացնելու իրավունքից: Ընտրում է միայն ԱԺ ու ձեռքերը լվանում, հեռու քաշվում »,- ասել է Հովհաննես Մարգարյանը:

 Առաջնային մանդատներով,  ըստ նախաձեռնության լիազոր ներկայացուցչի, պետք է ընտրվեն նաև Երևանի,  Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետները: Այսինքն՝ Սահմանադրության փոփոխությունից  բխելու է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: