01/13/2026

Եթե զինվորները չծուլանան, ծնողը ներքնաշոր ուղարկելու կարիք չի ունենա. հրամանատար

Եթե զինվորները չծուլանան, ծնողը ներքնաշոր ուղարկելու կարիք չի ունենա. հրամանատար

«Ներքնաշորերի, համազգեստի որակի մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Զինվորներին մատակարարվում է ավելի լավ որակի ու բարձր գնի հագուստ»,- հունվարի 18-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ԶՈՒ կենտրոնական իրային բազայի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը: 

Փոփոխությունը տեղի է ունեցել նախորդ տարվա վերջին եռամսյակից սկսած, և այս տարի արդեն լիարժեք բաժանվել է զինծառայողներին: Անդրավարտիքներն ու շապիկները բամբակյա են: Վարտիքներն այլևս մեկանգամյա օգտագործման չեն: Մեկ տարվա համար զինվորին հատկացվում է 6 հատ անդրավարտիք:

«Որակը շատ լավն է: Զինվորը հանգիստ կարող է դա լվանալ ու հագնել: 1 հատը նախատեսված է 2 ամսվա համար», – ասավ Վարդան Մարտիրոսյանը:

Հարցին, թե ինչու են ծնողները շարունակում ներքնաշորեր ուղարկել իրենց զինծառայողներին, բազայի հրամանատարը պատասխանեց, որ պատճառը մեր մենթալիտետն է:

«Երևի անձի հետ է կապված: Ես 40 տարեկան եմ, ծնողս ամեն անգամ արտերկրից զանգում, հարցնում է՝ տա՞ք ես հագնվել: Մեր մենթալիտետի հետ է երևի կապված, ծնողը պետք է ուղարկի, բայց ներքնաշորի որակը թույլ է տալիս, որ զինվորը այն լվանա ու հագնի: Ես էլ եմ եղել ծառայող, լվացել եմ, հագել եմ: 5 րոպե է թե՛ լվանալը, թե՛ չորացնելը, որովհետև 95 տոկոս բամբակյա է»,- նշեց Վարդան Մարտիրոսյանը:

Նա նաև ավելացրեց, որ բոլոր զորամասերում լուծված է լվացքատների հարցը: Մոտ 100 լվացքի մեքենա Արցախ, այդքան էլ Հայաստանի զորամասեր են ուղարկվել, որ զինվորներն իրենց շորերը լվանալու խնդիր չունենան: Անհատական ցանցային պարկերի վրա գրում են անուն-ազգանունն ու լվանում:

«Համազգեստի կտորի փոփոխությունը ևս եղել է տարեվերջին: Նորը և´որակով, և´ գնով ավելի բարձր է: Ներկի կայունությունը բարձր է: Մատակարարող ընկերությունը իր սերտիֆիկատները արտերկրից է բերել, տեղի լաբորատորիայիում ևս լուրջ փորձաքննություն է անցկացվել: Գունային փոփոխություն դեռ չի լինի: Նոր ճտքավոր կոշիկները մատակարարները դեռ չեն բերել: Այս ամառվա զորակոչին, սակայն, արդեն կհատկացվեն նաև նոր կոշիկները: Դրանք կուղարկվեն նաև զորամասեր»,- ասաց զորամասի հրամանատարը:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: