05/28/2022

Կարինե Հովսեփյան. «Պիտի հիմնովին փոխվի վերաբերմունքը հանրակրթության նկատմամբ»

Կարինե Հովսեփյան. «Պիտի հիմնովին փոխվի վերաբերմունքը հանրակրթության նկատմամբ»

Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան N 7 հիմնական դպրոցը մարզկենտրոնի համեմատաբար «երիտասարդ» կրթօջախներից է` հիմնադրված 1970 թվականին: Առաջին տնօրենը եղել է Կիմ Ստեփանյանը, ում փոխարինել է Տիգրան Թեւանյանը: 1980 թվականից դպրոցի ղեկավարությունը ստանձնել է Արմո Մկրտչյանը: 2010 թվականից դպրոցը միջնակարգից վերակազմավորվել է հիմնական դպրոցի: Ութ տարի է, ինչ կրթօջախը ղեկավարում է Կարինե Հովսեփյանը, ում աշխատանքային գործունեությունն այդ դպրոցում չափվում է 33 տարով:

2017 թվականի օգոստոսից սկսվել է դպրոցի եռահարկ ուսումնական մասնաշենքի շինարարությունը, իսկ դասերն անցկացվում են այլ տեղերում, ինչը որոշակի դժվարություններ է հարուցել կրթական գործընթացում: Այս եւ այլ խնդիրների մասին է հարցազրույցը դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանի հետ:

- Մարզկենտրոնի կրթօջախներից Ձեր դպրոցը յուրահատուկ է նրանով, որ ուսուցումն իրականացվում է տարանջատ` պայմանավորված դպրոցական նոր համալիրի կառուցումով: Ե՞րբ այս ամենի վերջը կդրվի:

- Այս կարգավիճակը յուրօրինակ մարտահրավեր է մեր դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին: Մի ամբողջ ուսումնական տարի երեք տեղում ենք դասընթաց կազմակերպել` Հայաստանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղի շենքում, այստեղ` նախկին Լուսատեխնիկական գործարանի վարչական շենքում եւ համար 6 դպրոցում: Հատկապես դժվար էր ձմռան ցուրտ ամիսներին, երբ ջեռուցման խնդիր կար: Այստեղ փայտով ջեռուցվող վառարաններ ենք տեղադրել, անհրաժեշտության դեպքում էլեկտրասալիկներ ենք օգտագործում, իսկ համար 6 դպրոցում ջեռուցման լոկալ համակարգ է գործում: Քանի որ 6-րդ դպրոցում պայմանները համեմատաբար բարվոք են, այնտեղ 1-6-րդ դասարանի աշակերտներն են սովորում, իսկ այստեղ յոթ դասարանի ուսուցում է կազմակերպվում` հիմնականում բարձր դասարանների: Բացի դրանից` ուսուցիչների համար գնալ-գալու խնդիր կա: Դասացուցակը կազմելիս մեկ դասաժամ «պատուհան» ենք թողնում, որ ուսուցիչը մի դպրոցից մյուսը գնա եւ իր դասերը պարապի: Պիտի ասեմ, որ դպրոցի աշակերտների մի մասը ներգրավված է դպրոցական խմբակներում, որի համար հատկացված է 22 ժամ:  Իսկ աշակերտների մի մասն էլ հաճախում է արտադպրոցական խմբակներ, որոշները մրցանակային տեղեր են գրավում տարբեր մրցույթներում: Չնայած ստեղծված անհարմարություններին` մեր մանկավարժները երբեք չեն տրտնջացել, իսկապես լավ աշխատել են, եւ արդյունքներն առկա են. մարզային եւ հանրապետական  առարկայական օլիմպիադաներում հիմնական դպրոցների թվում առաջատար տեղ ենք զբաղեցնում:

- Ե՞րբ  կտեսնեք նորամուտը կրթօջախի նոր  մասնաշենք, ե՞րբ կրթական գործընթացը դպրոցում բնականոն հունի մեջ կընկնի: Որքանով տեղեկացանք, նաեւ հետեւում եք դպրոցի նոր համալիրի շինարարության ընթացքին:

- Անշուշտ, այն էլ՝ շինարարության առաջին իսկ օրվանից: Իմ աշխատասենյակից հստակ երեւում է շինհրապարակը, ժամանակ առ ժամանակ այդտեղ եմ լինում: Նույնիսկ շինարարները կատակում են` մեր երկրորդ աշխղեկն է: Շնորհավորել ենք շինարարների Ամանորը, լավագույնը մաղթել: Համալիրի շահագործման վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է: Իսկ շինարարները խոսք են տվել, որ լավ աշխատելու դեպքում նոր ուսումնական տարին նոր մասնաշենքում կդիմավորենք: Կապրենք` կտեսնենք: Երկու կարծիք լինել չի կարող, որ մյուս ձմռանը հարմարավետ պայմաններում կկազմակերպենք ուսուցումը:

 - Մեկնարկել է երկրորդ կիսամյակը, ո՞րն է ուսուցման պրոցեսի ամենալուրջ մարտահրավերը:

- Դպրոցի համար գերխնդիրը եղել է որակյալ ուսուցումը: Առաջին կիսամյակի ավարտին մանկավարժական խորհրդի նիստը կայացավ, մասնախմբերի նիստերը եղան, քննարկեցինք, վերլուծեցինք կատարված աշխատանքները, նախանշեցինք անելիքները, հաջողությունները մերն են, դրանցով կարելի է ոգեւորվել, բայց խնդիր դրվեց թերությունները, բացթողումները տեսադաշտում պահել եւ աստիճանաբար վերացնել: 

- Ի՞նչ բնույթի թերություններ կան, դրանց շտկումը մեծ ջանքերի հե՞տ է կապված:

- Դպրոցականների ուսման հետ են կապված: Նախ` աշակերտների մեջ մարել է ուսման ծարավը, գլուխ է բարձրացրել անտարբերությունը, դեռ ավելին` մեծ չափեր ընդունել, որոշ աշակերտների մեջ պարզապես բացակայում է սովորելու ցանկությունը: Մանկխորհի նիստերի, այլ միջոցառումների ժամանակ այս հիմնահարցերին անդրադառնում ենք, փորձում ենք վեր հանել դրանց պատճառները, որոնք մեկ-երկուսը չեն: Դրանք պայմանավորված են դասագրքերի անկատարությամբ, ուսուցչի, դպրոցի նկատմամբ ձեւավորված հասարակության, կասեի նաեւ պետական ոչ պատշաճ վերաբերմունքով: Պիտի հիմնովին փոխվի վերաբերմունքը հանրակրթության նկատմամբ: Մի դասարանում 35 աշակերտ է սովորում, իսկ տեխնիկական առարկաների դասավանդման ժամանակ խնդիրներ են ծագում` կապված աշակերտների նման թվաքանակի հետ:

- Դուք նշեցիք դասագրքերի անկատարության մասին, քիչ ավելի մանրամասն այդ մասին, մանավանդ, որ պատմության մասնագետ եք: Ձեզ բավարարո՞ւմ է այդ առարկայի դասագրքերի որակը:

- Տպավորությունս այն է, որ պատմության դասագրքերը ծանրաբեռնված են թվերով ու փաստերով, մինչդեռ ավելի շատ տեղ պիտի հատկացվեր պատմական կարեւոր իրադարձությունների լուսաբանմանը: Տեխնիկական առարկաների դասագրքերից առանձնապես գանգատներ չեմ լսել: Նաեւ այն համոզումն ունեմ, որ պարտադիր տեստային աշխատանքները պիտի վերանան դպրոցից, որ ավելի շատ աշակերտներին «ռոբոտացնում» է, բթացնում, քան իրականում օգուտ  տալիս, որոնց ժամանակ վերանում է վերլուծական մտածողությունը, թուլանում է ստեղծագործական միտքը: Նաեւ պիտի հաշվի առնել, որ դասարանում նստած 35 աշակերտների կեսը նվազ ընդունակություններ ունի, տարբեր են նրանց ընտանեկան պայմանները: Երեխաների մի մասը մեծանում է ծնողներից մեկի բացակայությամբ, հայրը` ապրուստ հայթաթելու նպատակով արտերկրում է եւ այլն: Միշտ մեզ համար սոցիոլոգիական փոքրիկ ուսումնասիրություններ ենք կատարում, եւ պիտի ասեմ, որ որոշ դեպքերում պատկերը տխուր է: Ինչ վերաբերում է դասագրքերին, ապա դրանք պիտի գրեն այնպիսի մարդիկ, ովքեր ե՛ւ մանկավարժ են, ե՛ւ հոգեբան, ե՛ւ տվյալ ոլորտի հմուտ գիտակ: 

Դպրոցում գործող գնահատման համակարգն էլ պիտի փոխվի: Մի խոսքով շտկելու շատ բան կա, որպեսզի երեխան հաճույքով դպրոց մտնի եւ նույն հաճույքով սովորի: 

- Ինչպե՞ս է դպրոցի ֆինանսավորումը: Տարբեր ամբիոններից միշտ էլ խոսվել է ուսուցչի ցածր աշխատավարձի մասին: Արդարացնո՞ւմ է աշակերտ-տողով ֆինանսավորումը:

- Մեր աշակերտների թիվը մեծ է, ուստի ֆինանսավորումը բավարար է: Նույնիսկ տարեվերջին մեր տնտեսած գումարով կարողացել ենք  տեխնիկա գնել, ինչի անհրաժեշտությունը կար` տարբեր համակարգիչներ, բազմաֆունկցիոնալ սարքեր, պատճենահանման հարմարանք: Եվ դա այն բանի շնորհիվ, որ վերջին երեք տարում ավելորդ ծախսեր չէինք կատարել: Երբ տաեվերջին տեղի ունեցավ դպրոցի խորհրդի նիստը, առաջարկեցի մեր կուտակած գումարի հաշվին թույլատրել վճարել 13-րդ աշխատավարձ` մեկ աշխատավարձի չափով: Սա ավելի շատ խրախուսանք է, որ մանկավարժին պարտավորեցնում է ավելի պատասխանատվությամբ մոտենալ իր աշխատանքին: Այս տարի հանդես եկանք բարեգործական ձեռնարկով` «Գյումրին՝ առանց տնակների» հիմնադրամին փոխանցեցինք 157 հազար դրամ, որը հանգանակվել է ուսուցիչների եւ աշակերտների կողմից:

- Խորհրդային դպրոցական համակարգն ավերվեց, որ լավագույններից մեկն էր աշխարհում: 1990-ականներին կրթության պատասխանատուները հավաստիացնում էին, որ դրա փոխարեն ազգային դպրոց պիտի ստեղծեին, ինչն իրականում տեղի չունեցավ: Մի խոսքով` հինը կորցրեցինք, նորը չունեցանք:

- Ես էլ, այսպես ասած, խորհրդային դպրոցի քուրայով եմ անցել: Այն ժամանակ հիմնավոր կրթություն էինք ստանում: Կարելի էր ինչ-ինչ թերություններ շտկել, այլ ոչ թե հիմնովին քանդել կրթության այդ համակարգը: Նաեւ այն ժամանակ բուհը բարձրորակ մասնագետ էր պատրաստում: 

Մանկավարժների ընտանիքում եմ մեծացել: Ծնողներս մոտ կես դար ուսուցչություն են արել, տեսել եմ, թե ինչ նվիրվածությամբ են սերունդներ դաստիարակել, ինչ հարգանքի են արժանացել հասարակության կողմից` աշակերտության եւ նրանց ծնողների կողմից: Ինչպես չհիշել Ավետիք Իսահակյանի խոսքերը. «Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին: Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն  ուսուցչություն: Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը` հոգի, բարի կամք եւ բարձրագույն իդեալներ»:

- Համակարգչային տեխնիկայի զանգվածային մուտքը մեր կենցաղ, հարմարավետություն ստեղծելով, նաեւ բացասաբար անդրադարձավ սովորողների, մասնավորապես, աշակերտության մտավոր աշխարհի վրա:

- Եթե աշակերտն օգտվեր համակարգչից` գիտելիք ստանալու նպատակով, միայն խրախուսել կարելի է, բայց իմ ասածը չափազանց հեռու է իրականությունից: Պարզապես ընտանիքում ծնողը պիտի հետեւի, որ երեխան ավելորդ ժամանակ չանցկացնի համակարգչի առջեւ: Ցավալի է նկատել, որ դեռահասները հեռացել են գեղարվեստական գրականությունից, տպագիր խոսքից: Նախկինում մեկի տուն մտնելիս զարմանում էինք, որ գրապահարան չկա: Խորհրդային ժամանակներում, դասղեկ եղած ժամանակ, այցելում էի դասարանիս աշակերտների ընտանիքները, պարզելու` երեխան որտե՞ղ է դաս սովորում, գրապահարան ունե՞ն, գրասեղանը որտե՞ղ է տեղադրված: Դա ոգեւորում էր ծնողներին, իսկ հիմա՞: Երեւի այժմ ընտանիքում համակարգչային տեխնիկայով ավելի են հպարտանում, քան գրքերով: Չգիտեմ` ինչ հնարներով կարելի է վերականգնել ընթերցասիրությունը երեխաների մեջ: Դա միայն դպրոցի խնդիրը չէ: Ծնողն էլ պիտի նախանձախնդիր լինի այդ գործում: Ծնող-դպրոց-աշակերտ եռամիասնությունը մի նպատակի պիտի միտված լինի այսպես ասեմ` նույն մեխին խփեն: Ամսվա ընթացքում մի օրը բաց դռների օր է: Ծնողները կարող են դպրոց այցելել, դասալսումների մասնակցել: Ծնողը միշտ պիտի մոտ լինի դպրոցին: Հաճախ կրկնում եմ այն միտքը, թե երբ մանկավարժների եւ ծնողների գործերը մի առվով են գնում, արդյունքը միշտ առկա է լինում: 

- Ի՞նչ կավելացնեիք ասվածին` որպես վերջաբան, մանավանդ, որ տարին նոր է սկսվում:

- Ուզում եմ, նախեւառաջ, մաղթանքս հղել ուսուցիչներին, աշակերտներին, նրանց ծնողներին: Բոլորին, բոլորին առողջություն եւ հաջողություն եմ մաղթում, նաեւ ցանկանում, որ առկա դժվարությունները հաղթահարվեն սիրո, միասնության եւ համերաշխության ուժով:

Թող հայ ժողովրդի կյանքում 2019-ը լինի դրական փոփոխությունների տարի: 

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: