01/13/2026

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Երեկ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ ներառյալ հեռախոսային լոգիններ։

«Հիմնականում էլեկտրոնային փոստին ուղարկում են կեղծ նամակ` տարբեր բովանդակություններով, դա կարող է գրված լինել, օրինակ, «mail.ru»-ի անունից, որ ձեր էլեկտրոնային փոստը փակվելու է, որովհետեւ խախտել եք կանոնները, բայց եթե ուզում եք փրկել, ուրեմն, 24 ժամվա մեջ մտեք այս հղումով եւ ինչ-որ բաներ լրացրեք»,- այս մասին մեր զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են կարողանում կոտրել էլեկտրոնայի փոստերը:

Մարտիրոսյանի խոսքով՝ մարդն այդ հղումով անցնելով՝ մտնում է «mail.ru»-ի նման ինչ-որ կայք, հավաքում է իր մուտքանունն ու գաղտնաբառը, մուտք է գործում իր էջ եւ արդյունքում իր գաղտնաբառերը նվիրում է հաքերին:

«Բովանդակությունը շատ տարբեր է լինում, կարող է լինել սպառնալիք, որ կփակենք, կարող է լինել, որ դուք միլիոներորդ հաճախորդն եք, ստանում եք «Iphone»: «mail.ru»-ով ավելի հեշտ է թիրախավորել մարդկանց, բայց դա նաեւ արվում էլ այլ էլ. փոստերի միջոցով: Դա կատարվում է նաեւ ֆեյսբուքով, ասենք նմանատիպ ֆեյք էջ է բացվում, իբր ֆեյսբուքի ադմինստրացիան է: Մեկնաբանություններում գրում են, քո էջը փակելու ենք, եթե չես ուզում՝ անցիր հղումով, մուտք գործիր»:

Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անեն քաղաքացիները նմանատիպ հաքերային հարձակումներից խուսափելու համար, Մարտիրոսյանը պատասխանեց. «Առաջինը, երբեք պետք չի սեղմել հղումների նամակներում: Եթե  հղում կա՝ պետք է հստակ նայել, թե ուր է տանում ինքը: Եթե «mail.ru»-ից է եկել նամակը, հղումը պետք է տանի հենց «mail.ru»: Սովորաբար ոչ մի նորմալ ընկերություն չի պահանջում, որ դու նորից մուտք գործես:

Երկրորդը, եթե հանկարծ ինչ-որ հղումով մտել եք, պետք է նայել հասցեն, որ լինի օրինակ` «mail.ru», այլ ոչ, ասենք, «mail.ko» կամ նմանատիպ մեկ այլ բան: Երրորդը, գերադասելի է միացնել երկփուլային մուտքը, որը ենթադրում է, որ պետք է մուտքանունից եւ գաղտնաբառից բացի կոդ ներմուծես: Այդ դեպքում, եթե հանկարծ սխալվել եւ ձեր գաղտնաբառը նվիրել եք հաքերներին, մեկ է չեն կարողանա ձեր էջը կոտրել»:

Մեր հարցին՝ միայն հայկական էլեկտրոնային փոստե՞րն են թիրախի տակ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, բայց ադրբեջանցիների կյանքի նպատակը մենք ենք: Հունվարի 29-ին էլ իրենց սեւ օրերն են եւ միշտ այդ օրերին ակտիվ գործողություններ են անում»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: