01/14/2026

Թող նախ Թուրքիան վերադարձնի այն հայերի գույքը, որոնց սպանել են․ Սեմյոն Բաղդասարով

Թող նախ Թուրքիան վերադարձնի այն հայերի գույքը, որոնց սպանել են․ Սեմյոն Բաղդասարով

«РУСАРМИНФО»-ի հետ զրույցում մեկնաբանելով Եվրամիության աջակցությամբ հայ և թուրք ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված որոշ ծրագրերի ակտիվացումը, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն ու երկու ժողովուրդների միջև երկխոսության ստեղծումն անհնարին է, քանի դեռ պաշտոնական Անկարան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Թող նախ Թուրքիան ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը: Թող վերադարձնի այն հայերի գույքը, որոնց սպանել են: Չի կարող լինել որևէ հաշտեցում, մինչև ցեղասպանությունը չճանաչվի», - ասել է Բաղդասարովը։

Վերջերս ԵՄ աջակցությամբ Թուրքիայում լույս է տեսել Հայաստանի մասին առաջին թուրքերեն ճանապարհորդական ուղեցույցը, բացի դրանից՝ եվրոպացի որոշ գործիչներ ճանաչողական նախագիծ են մշակել հայերի և թուրքերի համար Գերմանիայի և Լեհաստանի սահմանին ցույց տալու համար, թե ինչի կարող են հասնել նախկինում թշնամի երկու ժողովուրդները:

Բաղդասարովը կարծում է, որ սա Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման նոր գործընթացի մեկնարկ է, որը կապված է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ:

«Այնպիսի տպավորություն ունեմ, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ են անում: Կոռումպացվածների փոխարեն եկել են շատախոսներ: Եթե ժամանակին ոչինչ չփոխվի՝ նրանք հայ ժողովրդին ծայրահեղության կհասցնեն: Չի կարող լինել որևէ հաշտեցում, քանի դեռ թուրքական իշխանությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - ասել է ռուսաստանցի փորձագետը, ապա հավելել, որ նման հաշտեցումը կարող է ձեռնտու լինել Անկարային, որն այդ կերպ «կուլ կտա» նաև Արևելյան Հայաստանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: