01/14/2026

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայից ժամանել է Ռուսաստան։

Այսօր Հայաստանի վարչապետը ելույթ կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայանում։ Նախագահությունն այս կազմակերպությունում 2019-ին անցել է Հայաստանին, և Փաշինյանի ելույթը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահության փոխանցմանը Ռուսաստանից Հայաստանին։

ԵԱՏՄ-ի գործադիր մարմնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը ռոտացիոն կարգով մինչև 2019-ի ավարտը Հայաստանի ներկայացուցիչն է՝ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Փաշինյանի ելույթի համար այսօր հավատարմագրվել են բազմաթիվ լրագրողներ, այդ թվում՝ արտասահմանյան լրատվամիջոցները ներկայացնող։ Ենթադրվում է, որ Հայաստանի ղեկավարը կպատասխանի նաև լրագրողների հարցերին։

Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված է նաև Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։

Երեկոյան Հայաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Երևան։

Պուտին-Փաշինյան հանդիպում այսօր նախատեսված չէ, ավելի վաղ հայտարարել էրՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ Պուտինն ու Փաշինյանը հաճախ են հեռախոսազրույց ունենում և շատ հաճախ հանդիպումներ անցկացնում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինն էր արտասահմանյան առաջնորդներից, որ շնորհավորեց Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Շնորհավորական հեռագրում Պուտինն ընդգծել էր, որ ակնկալում է կառուցողական և արդյունավետ համագործակցություն։

«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։ Դա անշուշտ բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից», - ընդգծել էր Ռուսաստանի առաջնորդը։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: