01/14/2026

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացած լինելը. Նիկոլ Փաշինյան

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացած լինելը. Նիկոլ Փաշինյան

Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացած լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում՝ 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքի համար և հայտնեց, որ որոշել է կարդալ և ստորագրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը» հենց կոլեգիայի ներկայությամբ: «Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը.

2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

Հայաստանի նախագահությունը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ: Վերջին 5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միություն և, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս առևտրային ու տնտեսական հարաբերությունների կառուցվածքի դիվերսիֆիկացման և փոխադարձ առևտրի համոզիչ աճ:

ԵԱՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսվարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր գործընկերություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Միևնույն ժամանակ, բոլոր անդամ պետությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի շարունակեն և ակտիվացնեն ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ զարգացումը: Հայաստանը, իր հերթին, կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի ինտեգրման դրական դինամիկան, լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրների տնտեսական աճի համար»,-նշեց ՀՀ վարչապետը:

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: