05/28/2022

Վախճանվել է Սյունյաց աշխարհի արժանավոր զավակ Մհեր Եղիազարյանը

Վախճանվել է Սյունյաց աշխարհի արժանավոր զավակ Մհեր Եղիազարյանը

Հունվարի 26-ին անսպասելի եւ հանկարծահաս գույժը մտավ մեր դուռ-դարպասներից ներս. մահացել է Մհեր Եղիազարյանը, եւ այդ բոթը սգո թանձր մշուշ սփռեց ոչ միայն նրա բնօրրան Սիսիանի, այլեւ ամբողջ Սյունիքի վրա…

Մահկանացուն կնքեց ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ առավոտյան ժամը 6:35-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահը վրա էր հասել սրտի աշխատանքի դադարի հետեւանքով:

Հունվարի 15-ից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներսում գտնվող բուժկետում էր՝ 44-օրյա հացադուլից հետո:

Բոլորս հույս էինք փայփայում, որ սրտանոթային հիվանդությունից վաղուց տառապող, 2-րդ կարգի հաշմանդամ Մհեր Եղիազարյանը երկարատեւ հացադուլից հետո, այնուամենայնիվ, կվերականգնվի, կապաքինվի եւ ջանքերը կուղղի իր անձի շուրջ հյուսված մեղադրանքի հերքմանն ու մերժմանը:

Ավա՜ղ, այդ սպասումներն ի դերեւ եղան...

Մհեր Եղիազարյանն անազատության մեջ էր հայտնվել 2018թ. դեկտեմբերի 3-ին, իսկ երկու օր անց, քննիչի միջնորդությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ընդունել էր որոշում՝ խափանման միջոցը կալանք ընտրելու մասին՝ երկու ամիս ժամանակով:

Տարեվերջին Մհեր Եղիազարյանի պաշտպանը դատարան ներկայացրեց միջնորդություն՝ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինելու գրավով:

Ընդ որում՝ միջնորդությանը կից ներկայացվել էին Ազգային ժողովի պատգամավորների երաշխավորություններ, բազմաթիվ դրական բնութագրեր, պետական բազում պարգեւներ ստանալու մասին վկայագրեր, բժշկական փաստաթղթեր՝ ունեցած  հիվանդությունների վերաբերյալ:

Սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 14-ին մերժեց միջնորդությունը, որը, ըստ պաշտպանների, ակնհայտ անհիմն էր ու  մինչեւ վերջ չպատճառաբանված:

Մհեր Եղիազարյանը կալանավորման առաջին իսկ օրվանից համաձայն չէր նախաքննական մարմնի գործողություններին եւ դատարանի որոշմանը. իր անհամաձայնությունն արտահայտելու այլ ձեւ չգտավ, քան հացադուլը:

Եվ դեկտեմբերի 5-ից հայտարարեց հացադուլ…

Որքան էլ զարմանալի է, հանրապետության միակ հացադուլավորին չայցելեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Իսկ նրա գրասենյակի ներկայացուցիչների այցելելություններին չհաջորդեցին կոնկրետ գործողություններ:

Մհեր Եղիազարյանի օրավուր վատթարացող վիճակին զուգահեռ պաշտպանները քանիցս գրավոր եւ բանավոր միջնորդություններ ներկայացրեցին՝ առաջարկելով նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն բոլոր դեպքերում  մերժումի արժանացան:

Երկու անգամ կանչվեց շտապօգնություն, եւ Մհերին տեղափոխեցին մայրաքաղաքի «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ «հետազոտելուց հետո» արձանագրեցին՝ մտահոգվելու կարիք չկա:

Մհերն այնքան համառ էր ու հետեւողական հացադուլ հայտարարելու իր որոշման մեջ (որպես նախաքննական եւ դատական մարմինների գործողությունների դեմ անհամաձայնության արտահայտություն), որ իր ծնողների, ընկերների ու մերձավորների հորդորին անգամ՝ հացադուլը դադարեցնելու մասին, ընդառաջ չգնաց:

Եվ 44 օր շարունակ քայլեց ինքնամարման չարչարանաց ճանապարհով:

Ու, որքան էլ ցավալի է, պատկան մարմիններից որեւէ մեկին չանհանգստացրեց պարզագույն հարցը՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության՝ անազատության մեջ գտնվող քաղաքացին անժամկետ հացադուլ հայտարարել…

Ամենատարբեր եւ անհիմն մեկնաբանություններից ու իրարամերժ ասեկոսեներից զերծ մնալու համար նշենք՝ Մհեր Եղիազարյանը մեղադրվում էր խարդախության եւ կաշառքի միջնորդության փորձի մեջ, սակայն, ըստ պաշտպանական կողմի, դրանք իր մերձավորներից ու ծանոթներից պարտքով կամ օրինական ծառայություններ կատարելու համար վերցրած գումարներ էին (հոդվածների հրապարակում, հարցազրույցների կազմակերպում, իրավունքների, շահերի պաշտպանություն եւ այլն):

Տարակուսելին այն է, որ, չսպասելով նույնիսկ նախաքննությունը սկսելուն, անտեսելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը, ձերբակալման հենց առաջին օրը պաշտոնապես եւ ի լուր հանրության Մհեր Եղիազարյանը հռչակվեց որպես հանցագործ:

Մի խոսքով՝ նա բանտարկյալ էր, որի մեղքը դեռեւս ապացուցված չէր, որի ենթադրյալ հանցանքների ուղղությամբ նախաքննությունը չէր ավարտվել, որի հանդեպ, ըստ էության, վախենում էին կիրառել Հայաստանի սահմանադրությամբ, գործող օրենքներով նախասահմանված մարդասիրական քայլեր:

Ինչեւէ, այլեւս չկա Մհեր Եղիազարյանը:

Մեր առջեւ նրա դեմքն է՝ հավիտենաբար հանգած, եւ մարդիկ սուգ են հաղորդում միմյանց՝ Սյունյաց աշխարհի արժանավոր զավակի անժամանակ եւ ողբերգական մահվան կապակցությամբ:

Մհեր Եղիազարյանը ծնվել է 1968թ. հուլիսի 24-ին Սիսիանի տարածաշրջանի Լծեն գյուղում:

Շամբի դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական կրթություն է ստացել Կապանի շինարարական տեխնիկումում, ապա բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում:

Ծառայել է խորհրդային բանակում՝ Խաղաղօվկիանոսյան ռազմածովային նավատորմում:

Հասարակական-քաղաքական ի սկզբանե ակտիվ գործունեությունը սկսել է Սիսիանում, շարունակել Սյունիքի մարզում, ապա՝ հանրապետության ամբողջ տարածքում:

20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի՝ մեզ բաժին հասած գերխիտ ժամանակաշրջանում, անկախության ճամփա ելած Հայաստանում, նա չէր կարող ստույգ հավատամք, ապրելու եւ գործելու չափված-նժարված բանաձեւ չունենալ:

Եվ անդամագրվեց Պարույր Հայրիկյանի գլխավորած քաղաքական ուժին՝ Ազգային Ինքնորոշում Միավորմանը:

Բայց այդ ամենին զուգահեռ, այդ ամենից առաջ նա իր տեղն էր գտել մեկ այլ «փարախում». դա հայրենի երկրամասի՝ Սյունիքի նվիրյալ զավակների առաջապահ գունդն էր, որի զինվորն էր մինչեւ կյանքի վերջին օրը:

Եվ քաղաքական, մարդկային, բարոյական այդ կողմնորոշումներում, այդ տեղում, այդ ճանապարհին երբեք չաղարտվեց, չաղավաղվեց, կիսատ չմնաց, որովհետեւ հայրենապաշտության արեւոտ այդ հարթավայրում ի սկզբանե ոտք էր դրել որդու եւ տիրոջ, տիրոջ ու մշակի իրավունքով եւ առաքելությամբ:

Այն քչերից մեկն էր, որ ամենադժվար ու հակասական պահերին անգամ  տեր կանգնեց Սյունիքի եւ սյունեցու արժանապատվությանը:

Վերջին երկու տարում մայրաքաղաքում էր՝  լրագրողական ընտանիքում, հեղինակավոր  HayNews.am  կայքի պատասխանատուն էր:

Լրատվական դաշտում էլ նրա տեղը հաստատուն էր, քայլերը՝ վստահ:

Այսօրվա՝ այնքան էլ ոչ խաղաղ մեր հանգրվանում ծավալված ու շարունակվող իրականությունն իրեն այնքան էլ չէր բավարարում:

Ոչ, ընդիմադիր չէր, պարզապես իր վերածնվող հայրենիքի արժանավոր շարքայինն էր ու մարտիկը եւ ուզում էր ավելի լավ տեսնել մեր երկիրը, ավելի հաստատուն՝ մեր ընթացքը:

Զարմանալի մարդ էր. նրա ներսի թագավորությունն անծայրածիր էր ու այնքան բազմամարդ, բազմաբեւեռ, որ քչերի մոտ կարելի է հանդիպել մարդկային հարաբերությունների նման իրողություն:

Ու այդ թագավորության յուրաքանչյուր բնակչի տեղը գիտեր:

Յուրաքանչյուրի հաջողությունից շառագունվում էր, անհաջողությունից՝ գունատվում, մտահոգվում, կարեկից լինելու ջանքեր գործադրում:

Նա իր ընկերներին, բարեկամներին, համերկրացիներին սիրտ ու ձեռք է պարզել անկեղծությամբ ու մաքուր եղբայրությամբ:

Մհեր Եղիազարյանը բարեհամբավ գերդաստանի շառավիղ էր՝ օրինակելի օջախով, հայոց ազգային բանակում հպարտորեն ծառայած Վազգեն եւ Դավիթ  որդիներով, գերդաստանի լավագույն ավանդույթները պատվախնդրորեն շարունակող տիկին Նորվարդով:

Նրա օջախում միշտ էլ կարելի էր սիրտ ջերմացնել:

Նրա օջախում կարելի էր սյունիքյան ավանդույթներից շատերին հաղորդակից դառնալ:

Առանձնահատուկ վերաբերմունք ուներ նախնյաց հիշատակի հանդեպ. ծննդավայրում լինելիս առաջինն այցելում էր Ծաղիկ տատի գերեզմանը, ում բոլորից շատ էր սիրել, ում խորախորհուրդ պատգամները մինչեւ վերջ կողմնորոշիչ էին նրա համար:

Հայորդու նրա զորավորության հորդաբուխ ակունքը, հոգեւոր սկիզբը, հենման կետը Սյունիքն էր՝ մեր սրբասուրբ լեռնաշխարհը:

Ամենադժվարին իրավիճակներում անգամ նա անհաղորդ չէր սյունիքյան անցուդարձին, մեր լեռնաշխարհի առօրյային:

Գրեթե ամեն օր տեսնում էինք, թե ինչպես է որդիական սիրով գուրգուրում իր փոքր հայրենիքը՝ Սյունիքը:

Մհեր Եղիազարյանի ծննդավայրը Լորաձորի առաջին գյուղն է՝ Որոտանի աստավածասկիզբ կիրճի աջափնյա պռնկին՝ դեռեւս Ստեփանոս պատմիչի մատյանում հիշատակված:

Բանաստեղծական այդ եզերքում, նաեւ հայոց մեծերից շատերի մասին հիշողություններով ու զրույցներով են մեծահարգ Երամիշ Եղիազարյանը եւ տիկին Մարիետան դաստիարակել իրենց ավագ որդուն՝ ձեւավորելով իբրեւ ընդօրինակման արժանի քաղաքացի:

Մհեր Եղիազարյանի խոսքն ու ներկայությունը սպասված էին ոչ միայն Սիսիանում:

Մտավորական էր ամբողջ էությամբ:

Հռետոր էր ու հրապարակախոս. հասարակական-քաղաքական գործընթացներում նրա խոսքը նշանակություն ուներ:

Մինչեւ կյանքի վերջ հասարակական գործունեությունը նրա տարերքն էր:

Նրա կերպարի հանրային ընկալման համար, նրա բարոյական վաստակած կշռի համար սահմանասյունն այն մեղադրանքը չէ, որ ներկայացվել էր՝ մանավանդ որ դատարանի ուժով հաստատված չէր ենթադրյալ մեղքը:

Իր կյանքը պարագծել է այնպիսի վարքով ու լցրել այնպիսի գործերով, որ նրա զավակներն ընդմիշտ հպարտանալու են իրենց ծնողով եւ մարդկանց աչքերին նայելու են ուղիղ:

Մարդկային հարաբերություններում, մեր փոքր հայրենիքին ծառայելու գործում բազում հաղթակամարներ կանգնեցրեց, որոնք ոչ միայն չեն փլվելու, այլեւ մնալու են երախտապարտ սյունեցիների հուշերում:

Եվ ուրեմն՝ Մհեր Եղիազարյան արժանապատիվ սյունեցու անունը կմնա սերունդների հիշողության մեջ:

Թող Աստված լուսավորի Մհեր Եղիազարյանի հոգին եւ երկնքի կամարներից ներս ընդունի նրան:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Սուրբ գրքի այդ խոսքի հովանու ներքո էլ աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ իմ բացառիկ ընկերոջ եւ բարեկամի  հոգու խաղաղության համար:

Սամվել Ալեքսանյան

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: