01/11/2025

Նոր արշավ «Սյունյաց երկրի» դեմ. մեր անվամբ հիմնվել են ֆեյսբուքյան կեղծ էջեր

Նոր արշավ «Սյունյաց երկրի» դեմ. մեր անվամբ հիմնվել են ֆեյսբուքյան կեղծ էջեր

Վերջին մեկ օրում, մեր անվամբ, ֆեյսբուքյան ցանցում հիմնվել է երկու կեղծ էջ:

Իհարկե, դա նորություն չէ մեր լրատվամիջոցի ու նրա խմբագրի դեմ վերջին տարիներին իրականացված քաղաքականության մեջ: Միայն անցած մեկ տարում ֆեյսբուքյան վեց կեղծ էջ է հիմնվել ընդդեմ «Սյունյաց երկրի»:

Բայց դրանք հակառակ արդյունքն են տվել՝ հազարներով ավելացել են syuniacyerkir.am կայքի հետեւորդները:

Հիմա էլ մեր անվամբ կեղծ էջեր են հիմնել՝ մտածելով, որ ընթերցողը կմոլորվի եւ կհետեւի այդ ֆեյքերին:

Մեր ընթերցողը, անկասկած, ծանոթ է ե՛ւ «Սյունյաց երկիր» թերթին, եւ syuniacyerkir.am կայքին:

Ու վստահ ենք, որ որեւէ մեկը մեր կայքն ու թերթը չի շփոթի կեղծարարների հորինվածքի հետ:

Իսկ եթե կեղծարարները նպատակ են հետապնդել դրանով մեզ վարկաբեկել, ապա, որքան էլ զարմանալի է, ստիպված ենք նրանց շնորհակալություն հայտնել՝ «Սյունյաց երկրի» հանդեպ հանրային ուշադրությունը յուրովի սրելու, մեր գործունեության հանդեպ հեքիաթային հետաքրքրություն դրսեւորելու համար:

Համոզված ենք միաժամանակ, որ կիսագրագետների այդ թիմը չի կարող դույզն-ինչ վարկաբեկել հայաստանյան լրատվական դաշտում իր ուրույն տեղն ու դեմքն ունեցող լրատվամիոցին:

Կեղծարարների հերթական գրոհը եւս մեկ անգամ վկայում է, որ 15-ամյա «Սյունյաց երկիրը» շարունակում է մնալ հանրության մի մեծ մասի ուշադրության կենտրոնում:

Կեղծարարների գրոհը  վկայում է նաեւ, որ «Սյունյաց երկրի» հաստատուն ընթացքը լրջագույնս մտահոգում է ոմանց, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք:

Դա մեզ ավելի է գոտեպնդում, մանավանդ որ  կեղծարարները իրենց հորինած նյութերը հանրությանը հասցնելու համար, ինչպես երեւում է, գովազդային պատկառելի միջոցներ են ծախսում:

Ի դեպ, չենք էլ ուզում ենթադրություններ անել, թե ով է կեղծ էջի հեղինակը: Սակայն չենք էլ կարծում, որ էժանագին այդ արշավի հեղինակը «Սյունյաց երկրի» դեմ վերջին տարիներին ավանդաբար պայքարող հայտնի ուժն է:

Դե ինչ, հաջողություն կեղծարարներին, շարունակեք նույն ռիթմով, ավելացրեք նոր կեղծ էջեր:

Իսկ մենք շարունակում ենք քայլել մեր որդեգրած ճանապարհով:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: