01/14/2026

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայոց բանակի հարգելի՛ զինվորներ, սպաներ, բարձրաստիճան սպաներ, ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած ազատամարտիկներ

Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ:
Հունվարի 28-ին նշվող Բանակի օրը թանկ է յուրաքանչյուր հայի համար ու հպարտություն է բերում ամենքիս, քանզի ոչ բոլոր ազգերը նման տոնի հնարավորություն ունեն. այն մեր ինքնիշխանությունը, մեր հաղթանակները խորհրդանշող տոն է:

Բանակը Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումն է, մեր անվտանգության ու ապահով ապագայի գրավականը, եւ տոնի կապակցությամբ մաղթում եմ ձեզ անամպ երկինք, ամուր կամք, տոկունություն, առողջություն եւ մարտական անպարտելի ոգի:

Տոնական այս օրը մեր երախտագիտությունը` բոլոր նրանց, ովքեր նորանկախ Հայաստանի բանակաշինության հիմքն են դրել, ովքեր հերոսական էջեր են կերտել նրա հաղթանակների պատմության մեջ եւ մեր խոնարհումը` նրանց հիշատակին, ովքեր, ցավոք, նաեւ իրենց արյամբ են գրել այդ պատմությունը: 

Նրանց հերոսական կյանքը ոգեշնչում եւ օրինակ է զինվորական ծառայություն անցնող ամեն հայորդու համար: Այդ ոգու՝ սերնդեսերունդ փոխանցման եւ մեր զինված ուժերի շարքերում մշտական ներկայության ապացույցն էր Ապրիլյան քառօրյան:

Շնորհավորում եմ նաեւ ՀՀ զինված ուժերում այսօր ծառայողներ ունեցող բոլոր ընտանիքներին` ցանկանալով նրանց համբերատարություն եւ լավատեսություն, իսկ մեր սահմաններին կանգնած զինվորներին` խաղաղ եւ անվտանգ ծառայություն, բարի վերադարձ ընտանիքներ, ինչպես նաեւ շնորհավորանքներս` բանակի ամրության ու հզորացման մեջ ներդրում ունեցող բոլոր կառույցներին. պարտավոր ենք վստահելի թիկունք ապահովել մեր բանակի համար՝ ամենքս մեր աշխատանքի բնագավառում նպաստելով մեր պետականության, հետեւաբար եւ բանակի հզորացմանը:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ:

 

Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: