01/14/2026

Մեր բանակը կարիք է ունենալու ժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ. մենք հնարավորություն ունենք դրա մի մասը ինքներս ստեղծել. ՀՀ նախագահ

Մեր բանակը կարիք է ունենալու ժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ. մենք հնարավորություն ունենք դրա մի մասը ինքներս ստեղծել. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բոլորին բանակի օրվա առթիվ: «Բանակը ինչ-որ իմաստով մեր ազգային զինանշանն է, մեր ազգային սիմվոլն է քանի որ մեզ նման երկիրը պարփակում է իր մեջ բանակին, և բանակը դառնում է  առանցքային գործոններից մեկը: Ինձ համար բանակը նաև յուրաքանչյուր երիտասարդի համար կյանքի մի էտապ է»,- ասաց նա և նշեց, որ բանակը ամենապարզ արտացոլումն է մեր կյանքի, և եթե մեր կյանքում կոռուպցիա կա, միանգամից բանակում տեսնում են:

Հարցին, թե արդյոք մտահոգիչ է համարում, որ տարվա ընթացքում 63 մահ է գրանցվել բանակում, և որոշակի աճ կա անցած տարվա թվերի համեմատ, Արմեն Սարգսյանն ասաց.    «Երբ հանդիպում եմ պաշտպանության նախարարի հետ, քննարկում եմ այդ հարցերը, առավել ճշգրիտ թվեր գիտեմ: Մեր հասարակությունը, հայությունը պետք է սկզբունք որդեգրի, որ նույնիսկ մեկ մահը հսկայական ազգային ողբերգություն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Կառավարության կառուցվածքի փոփոխությանը և ռազմարդյունաբերության նախարարության ստեղծմանը, Արմեն Սարգսյանն ասաց. «Թե ինչպիսին պետք է լինի Կառավարության կառուցվածքը, վարչապետի և Կառավարության գործն է, և վստահ եմ, որ մեր վարչապետը մտածում է, որ առավել էֆեկտիվ լինի իր կառավարությունը: Եթե ինձանից խորհուրդ հարցնեն, ես իմ խորհուրդը կտամ»,- ասաց նա և նշեց, որ այդ հարցում իր անձնական փորձառությունը և պատկերացումներն ունի:

«Մի բան հստակ է, որ լուծումը միայն կառուցվածքային չի լինելու, այլ ըստ էության: Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ մեր բանակը կարիք է ունենալու ամենաժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ, բայց մենք հնարավորություն ունենք դրա մի մասը ինքներս ստեղծել»,- ասաց նա և նշեց, որ դա, իհարկե, ժամանակ է պահանջելու:

Ինչ վերաբերում է գերտերությունների հնարավոր արձագանքին, ՀՀ նախագահն ասաց. «Ես չեմ կարծում, որ մեծ տերությունները խնդիր են դնում, որ Հայաստանը նոր տեխնոլոգիա չարտադրի: Այն լուծումները, որոնք ես առաջարկում եմ, ընդհակառակը, ոչ թե գերտերությունները կարգելակեն, եթե մենք որևէ արժեքավոր գաղափար, նոր զինատեսակ ստեղծենք, այլ ես հավաստիացնում են, որ բոլոր մեծ տերությունները մեզանից կգնեն»:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: