01/14/2026

Կալիֆոռնիայում հայկական վարժարանի սաները յուրահատուկ ձևով են պատասխանել հաստատության վրա թուրքական դրոշների փակցման սկանդալային դեպքին

Կալիֆոռնիայում հայկական վարժարանի սաները յուրահատուկ ձևով են պատասխանել հաստատության վրա թուրքական դրոշների փակցման սկանդալային դեպքին

Կալիֆոռնիայի հարավում գտնվող «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի սաները յուրահատուկ ձևով են պատասխանել անհայտ անձի կողմից կրթական հաստատության նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին, մասնավորապես՝ թուրքական դրոշների փակցման սկանդալային դեպքին:

Ինչպես նշում է Asbarez-ը, դրան ի պատասխան վարժարանի սաները շենքի տարբեր մասերում, ինչպես նաև դարպասներին փակցրել են հայկական եռագույնը:

Աղբյուրը մանրամասնում է, որ անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերում երևում է, որ լուսադեմին՝ ժամը 4-ին, դիմակավորված անձը մոտեցել է «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ին ու սկսել թուրքական դրոշներ կախել:

Նույնպիսի դեպք է տեղի ունեցել նաև ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում: Այժմ ոստիկանությունը երկու դեպքն էլ հետաքննում է:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին: 

«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել էր Շիֆը:

Թուրքական դրոշների հետ կապված միջադեպին էր անդրադարձել նաև մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը: 

Նա դիմել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ էր արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին:

Մինչդեռ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) իր երախտագիտությունն էր հայտնել կոնգրեսականներ Շիֆին ու Շերմանին՝ միանալով պատշաճ հետաքննություն անցկացնելու կոչին:

   

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: