01/14/2026

Ավելի քան մեկ տասնամյակ է անցել 2008թ. մարտից, հետաքննությունը դեռ չի հասցվել եզրահանգման. ԵԽ հանձնակատար

Ավելի քան մեկ տասնամյակ է անցել 2008թ. մարտից, հետաքննությունը դեռ չի հասցվել եզրահանգման. ԵԽ հանձնակատար

Փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 16/09/2018թ․-ից 20/09/2018թ․-ը Հայաստան կատարված այցի արդյունքներով զեկույցից  կարևոր հատվածներ:

 

«2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բռնի դեպքերի և զոհերի հետ կապված հետաքննության և հաշվետվողականության հարցն արդեն դարձել է նախորդ հանձնակատարների կողմից մի քանի առաքելությունների և երկիր կատարված այցերի արդյունքով մի քանի զեկույցների և այլ փաստաթղթերի թեմա։ Դրանք հրապարակվել են 2008թ. մարտին, 2008թ. սեպտեմբերին, 2011թ. մայիսին և 2015թ. մարտին։ Բազմաթիվ առիթներով Հայաստանի իշխանություններին ուղղված կրկնվող հիմնական առաջարկությունները եղել են` սկսել և ակտիվորեն իրականացնել մի խիստ համապարփակ քննություն, որը կլինի անկախ, անաչառ, թափանցիկ, բնակչության կողմից կընկալվի որպես արժանահավատ, ինչպես նաև պարզաբանել այս միջադեպերի ժամանակ հերթապահող ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հրամանատարության պատասխանության հարցը, ապահովել զոհերի ընտանիքների լիարժեք ներգրավումը, հետաքննության մասին տեղեկացվածությունը, իրազեկել հանրությանը հետաքննության առաջընթացի ու արդյունքների մասին: Հանձնակատարը նկատեց, որ ի հեճուկս այն փաստի, որ ավելի քան մեկ տասնամյակ է անցել 2008թ. մարտից, հետաքննությունը դեռ չի հասցվել եզրահանգման:

Հանձնակատարը հավատում է, որ 2008թ. մարտին բռնի գործողությունների և զոհերի վերաբերյալ հաշվետվողականությունը բեռ է, որը հայ հասարակության վրա չափից երկար ժամանակ է ծանրացած: Նա ողջունում է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը, որպեսզի վերջնական կերպով սահմանի այդ պատասխանատվությունը և փակի այս ցավալի էջը: Սակայն նա ընդգծում է, որ այս գործընթացը պետք է իրականացվի շատ զգույշ կերպով և խստորեն համապատասխանի իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության, դատավարության թափանցիկության և երաշխիքների սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության ցանկացած մեղադրանք: Հանձնակատարը շեշտադրում է նաև քրեական հանցանքի մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածի պահպանման կարևորությունը և որ հատկապես քաղաքական գործիչները պետք է խուսափեն իրենց հանրային հայտարարություններով հանրության շրջանում այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեղադրվող անձինք մեղավոր են, նախքան իրավասու դատական մարմնի կողմից մեղադրական դատավճռի հրապարակումը»:

Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը ավելի վաղ անդրադարձել էր Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանի վերաբերյալ զեկույցին:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: