05/28/2022

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին. բաց նամակ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին. բաց նամակ

Մենք գրում ենք Ձեզ, որովհետեւ այլեւս հնարավոր չէ ոչ համբերել, ոչ էլ դիմանալ: Սիսիանի թիվ 4-րդ դպրոցի 480 երեխայի ծնողներ ենք: Բանն այն է, որ մեր երեխաները ֆիզկուլտուրա չեն պարապում, որովհետեւ դահլիճի հատակը փտել է, գույք չկա, չկա նաեւ խաղահրապարակ: Ամեն տարի (արդեն 10 տարի) դասղեկները եւ տնօրենն ասում են, որ ամռանը դահլիճը կնորոգվի, բայց սայլը տեղից չի շարժվում: Այս ամռանն ուրախացանք, որ շենքի հետեւի հսկա ուռիները կտրեցինք, այսինքն` լավ է, դպրոցի արհեստանոցում տախտակ ենք քաշելու, դահլիճի հատակը կփոխենք: Բայց դա չարվեց, չգիտենք` ինչու: Էլի երեխաները մնացին դրսում: Նրանք շաբաթական երեք դասաժամ ֆիզկուլտուրա ունեն` այդ կարեւոր առարկան: Այդ ժամերին նրանք իրենց դասարանում չեն մնում, որովհետեւ այնտեղ ուրիշ դասարան է դաս անում, միջանցքում չեն թողնում մնան, որովհետեւ աղմկում են, հետո գալիս են 2-րդ հերթի երեխաները, եւ նրանց դուրս են հանում դպրոցից: Պայուսակները շալակած կամ գրկած` նրանք խմբվում են բակում կամ շենքի հետեւում` մինչեւ զանգը հնչի: Անձրեւին, քամուն, տապին, ցրտին,  ձմռանն էլ ձյունի տակ` մրսում են, հաճախ էլ՝ հիվանդանում: Ֆիզկուլտուրայի դասատուներն էլ մարդ են` մրսում են, նրանք էլ շենքի ներսից նայում են, որ երեխաները չվնասվեն: Այսպես` տարիներ շարունակ: Խնդրում ենք` մեր նամակն անստորագիր չհամարեք, քանզի այն բոլոր ծնողների սրտից է բխում, նաեւ` տատիկների ու պապիկների: Օգնեք մեր երեխաներին, նրանք սիրում են իրենց դպրոցն ու ուսուցիչներին: Չեն ուզում` ուրիշ դպրոց հաճախել:

Նախապես շնորհակալություն ենք հայտնում:

 

Սիսիանի 4-րդ դպրոցի ծնողներ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: