01/14/2026

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվեց․ այն կշարունակվի վաղը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվեց․ այն կշարունակվի վաղը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ ընթացող նիստը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, ավարտվեց։

Դատախազ Վահագն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստը հետաձգվեց։ «Դատական նիստը հետաձգվեց, նշանակվեց վաղը՝ ժամը 15։00-ին։ Պաշտպանական կողմն ամբողջությամբ բողոքը դեռ չի ավարտել»,- տեղեկացրեց նա։

Մուրադյանը չի հերքում, որ առարկելու են որոշումը, սակայն նշեց, որ վերջնական կորոշեն բողոքն ամբողջությամբ լսելուց հետո։

Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավոր է, որ վաղը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունն ավարտվի, և որոշում լինի, Մուրադյանն ասաց, թե այս պահին ինքը որևէ բան չի կարող ասել։

Վահագն Մուրադյանը, խոսելով բողոքի մասին, շեշտեց, որ իրենց համար այն հիմնավոր չէ։

Նշենք, որ այս դատական նիստին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ  պաշտպանական կողմը բողոքը ներկայացրել է, սակայն որոշ փաստաբաններ դեռևս չեն հասցրել ներկայացնել իրենց նկատառումները։

«Վաղվա նիստին էլ Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի, ինչպես նաև կներկայացնի իր ելույթը»,- ասաց Ալումյանը։

Փաստաբանի կարծիքով՝ վաղն էլ այս հարցով որոշում չի լինի, քանի որ ընդամենը 3 ժամ ունեն աշխատելու։

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: