01/14/2026

Հայաստանում կհիմնվի իտալական հայտնի ապրանքանիշի արտադրամասը

Հայաստանում կհիմնվի իտալական հայտնի ապրանքանիշի արտադրամասը

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի  և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործարարներին ուղեկցել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն։

Գործարարները նախարարին տեղեկացրել են, որ մտադիր են Հայաստանում հիմնել իտալական «Չերամիսիա» ապրանքանիշի կերամիկական հումքից սպասքի արտադրություն։ Ֆեդերիկո Պոլիդորիի խոսքով՝ արտադրամասը կունենա 150 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով։ Italian Stoneware ընկերության փոխնախագահը նշել է, որ, չնայած արտադրություն հիմնելու որոշումը կայացնելիս դիտարկել են տարածաշրջանի այլ երկրներ ևս, սակայն նաև «Մուլտի գրուպի» ջանքերի շնորհիվ, ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա։ Այսպիսով, Հայաստանում կմեկնարկի «Նախագծված է Իտալիայում, պատրաստված է Հայաստանում»  մակնշմամբ սպասքի արտադրություն։  Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ Հայաստանը հարուստ ու հետաքրքիր պատմություն ունի, ինչը ևս առավելություն է այստեղ նման արտադրություն հիմնելու համար։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ նման արտադրությունների կազմակերպումը ոչ միայն տնտեսական օգուտներ ունի, այլև Հայաստան է բերում նոր բիզնես մշակույթ, փորձառություն և գիտելիք։ Տիգրան Խաչատրյանը ներդրողներին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել ծրագրի իրականացման ընթացքում առաջացող խնդիրների լուծման հարցում։  Նախարարը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ծրագրի հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող արտոնությունները։ Քննարկվել են նաև հումքի և սարքավորումների ներկրմանն առնչվող որոշ խնդիրներ։ 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: