01/15/2026

Եթե չպարզվեն Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, պաշտպանները ՄԻԵԴ կդիմեն

Եթե չպարզվեն Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, պաշտպանները ՄԻԵԴ կդիմեն
Եթե չպարզվեն Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Haynews.am կայքի պատասխանատու, 44-օրյա հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի փաստաբան Վահե Արմենակյանը:

«Քրեական գործ է հարուցվել, եւ ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր են մեղավոր Մհերի մահվան համար, բոլոր հանգամանքները կպարզվեն: Եթե ներպետական ատյանները մեր պահանջները չբավարարեն, չպարզվեն Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բայց հույս ունենք, որ մեր պետությունն այսօր փոխվել է եւ մեր պետությունն այսօր համարժեք կարձագանքի»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ ընտանիքի անդամների հետ քննարկելուց հետո կորոշեն իրենց հետագա անելիքները:

«Ամեն դեպքում դատապարտելի է, եւ պետությունը պետք է համարժեք պատասխան տա: Պետական մարմինները` ՄԻՊ-ը, շատ անտարբեր են դեպքին վերաբերվել․ այս առումով խնդիր կա»,- հավելեց փաստաբանը:

Նշենք, որ Մհեր Եղիազարյանը կալանավորվել էր 2018-ի դեկտեմբերի 3-ին, հացադուլ հայտարարել դեկտեմբերի 5-ին:

Եղիազարյանը, ըստ նախնական եզրակացության մահացել էր, սրտամկանի ինֆարկտից, 2019թ.-ի հունվարի 26-ի առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

HayNews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: