01/15/2026

Պատրաստվեք Պատերազմի. Վոլոդյա Ավետիսյան

Պատրաստվեք Պատերազմի. Վոլոդյա Ավետիսյան

Վերջին շրջանում շատ է խոսվում «տարածք խաղաղության դիմաց» թեզի մասին և հասարակության տարբեր շերտեր իրենց մտահոգությունն են հայտնում Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Միանշանակ, տարիներ շարունակ այս խոսակցությունները եղել են, սակայն շատերին մտահոգում է ոչ թե այն, թե ներկայիս իշխանության օրոք ինչու ենք կրկին տվյալ խնդրի առաջ, այլ այն, թե ինչու է իրավիճակը գնալով սրվում: 

Թեմայի վերաբերյալ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը iPRESS.amի հետ զրույցում նշեց. «Ժամանակը ցույց կտա, թե ինչեր են մեզ սպասվում: Եթե համեմատական տանենք իրավիճակի սրման վերաբերյալ, ապա Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, որ խաղաղության դիմաց տարածքներ պետք է հանձնենք, իսկ բնական է, որ խաղաղության դիմաց, ոչ ոք հենց էնպես տարածք չի հանձնում, դա պատերազմով է լինում, սա բոլոր իշխանություններին է վերաբերում: Սարգսյանը սարքեց այդ կռիվը, հարյուրավոր զոհ ու տարածքներ տվեցինք, նրանք հրահանգներ էին կատարում այլ երկրների կողմից»: 

Մեր զրուցակցի խոսքով բոլոր հող հանձնողները դավաճաններ են և կապ չունի դա նոր իշխանության ներկայացուցիչներն են, թե նախորդ.«Ով ուզում է լինի, ամեն ինչ պետք է անեն, որ հողերը չհանձնենք: Չպետք է մտածեն, որ ժողովուրդը բերել է իշխանության, ուրեմն ինչ ուզեն՝ կարող են անել»:

Վոլոդյա Ավետիսյանը iPRESS.amի հետ զրույցում զինվելու և պատրաստվելու կոչով հանդես եկավ: Մեր այն դիտարկմանը, թե ինչի՞ն պետք է պատրաստվի հասարակությունը, Ավետիսյանը պատասխանեց՝ պատերազմին, որպեսզի լինի խաղաղություն:

Կրկին մեր այն դիտարկմանը, թե նա ևս այն կարծիքին է, որ առաջիկայում պատերազմական գործողություններ են սկսվելու, Վոլոդյա Ավետիսյանը կրկնեց.«Միանշանակ պատերազմ է լինելու, բա այդ զենքերն ինչի՞ համար են գնում ադրբեջանցիները»:

Լենա ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: