01/15/2026

Մակրոնն անձամբ է Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին

Մակրոնն անձամբ է Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Վկայակոչելով «Եվրանյուզը», Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում Մակրոնը, խոսելով հիշատակի օր հռչակելու նախաձեռնության մասին, հայտարարել է, որ Էրդողանին նախապես է տեղյակ պահել իր որոշման մասին, քանի որ «ցանկանում է բաց երկխոսություն պահպանել Թուրքիայի հետ»:

«Մենք տարաձայնություններ ունենք «Իսլամական պետության» դեմ պայքարի, Թուրքիայում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարցերի, ինչպես նաև ցեղասպանության խնդրի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը: Նա նկատել է, որ նաև միատեսակ կարծիքներ ունեն Սիրիայի հարցում, իսկ Թուրքիայի հետ երկխոսությունը, Ֆրանսիայի նախագահի կարծիքով, առաջնային է:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: