05/28/2022

Ինչո՞ւ է լռում Հայաստանի ժուռնալիստների միությունը

  Ինչո՞ւ է լռում Հայաստանի ժուռնալիստների միությունը

Այս տարվա փետրվարի 5-ին՝ նոր հարձակում «Սյունյաց երկիր»  մարզային թերթի վրա՝ նրա «Նիվա»  մակնիշի մեքենայի հրկիզման տեսքով: Արարքն ինքնին նողկալի է: Եվ հանցագործները հրկիզել են այն մեքենան, որով խմբագրության լրագրողները հազար անգամ եղել են Արցախում, եղել առաջնագծում, ուր թշնամին նրանցից հեռու էր ընդամենը 200-300 մետր: Եվ նրանք տաք ռեպորտաժներ են բերել առաջնագծից, եւ ոչ թե շատ-շատերի նման զինվորների հետ նկարվել ու  ի  տես ամենքի՝ ուր ասես, որ չեն հրապարակել: Եվ զինվորն իրեն լավ է զգացել, եւ զինվորը լրագրողներից է առել իր տան կարոտը: Եվ զինվորն ավելի ուժեղ ու հզոր է զգացել իրեն: Այդ մեքենայով  լրագրողները եղել են նաեւ հայ-նախիջեւանյան սահմանում, հեռավոր յայլաղներում գտնվող հովիվների, անասնապահների մոտ, ուր մարդիկ ասես գտնվում են մոռացության մացառուտում, իսկ այդ մարդկանցից մեկն էլ «Սյունյաց երկիր»  թերթ է ստանում: Եվ այդ թերթը փոստատարը թողնում է Սիսիանի տարածաշրջանի Սալվարդ գյուղի խանութում,  ուր գյուղացիները հերթով կարդում, հետո «ճամփում» են յայլաղ: 

Ուր ասես, որ չի եղել այդ մեքենան: Ու միշտ լրագրողներին անվտանգ տարել-բերել է: Ու էլի կտանի… Ժողովուրդն այսպիսի մի խոսք ունի՝ ինչ որ պատահի, թող «ժեշտին» պատահի:   Ու «ժեշտը»  ընկավ հարվածի տակ: 

Զարմանալու շատ բաներ կան: Սակայն ես ավելի շատ զարմանում եմ Հայաստանի ժուռնալիստների միության պահվածքից. ինչո՞ւ իր դիրքորոշումը չի հայտնում, ինչո՞ւ հայտարարությամբ հանդես չի գալիս, չէ՞ որ լրատվամիջոց է հարվածի տակ ընկել: Հասկանո՞ւմ եք, լրատվամիջոց: Եվ ոչ թե  ինչ-որ մի խանութ (թող ներեն ինձ խանութ ունեցողները): Ի՞նչ է նշանակում  նրա լռությունը:  Գուցե Մորզեի այբուբենի միջոցով հնարավոր լինի վերծանել այդ լռությունը… 

 

Ալվարդ Մեսրոպյան 

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: