01/15/2026

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ անորոշությունը ցավալի է. ՌԴ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ անորոշությունը ցավալի է. ՌԴ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցի շուրջ տիրող անորոշությունը ցավալի է կազմակերպության համար, սակայն դա չի ազդում կառույցի արդյունավետության և մարտունակության վրա:

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝  РИА Новости-ին տված հարցազրույցում:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձել է թափուր այն ժամանակ, երբ 2018 թվականին քրեական գործի պատճառով Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր աշխատանքից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը: Հայաստանը պնդում է, որ կազմակերպության ղեկավարի պաշտոնը Խաչատուրովի փոխարեն պետք է զբաղեցնի Երեւանի մեկ այլ ներկայացուցիչը մինչեւ 2020 թվականը: Մինչդեռ, ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշվել էր, որ այժմ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում էր անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ եւ ստորագրել ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ: Ավելի վաղ  իր նշանակումը երկրների հետ համաձայնեցնելու համար Զասն արդեն այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Ընդ որում՝ Երեւանում հայտնել են, որ Զասի այցը Հայաստան չի ծրագրվում: Զասն ինքը նշել է, որ պատրաստ է երկրի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ այցելել Հայաստան, հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի հետ: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի՝ իր նշանակման վերաբերյալ:

«Այն, որ մեզ չի հաջողվում արագ նոր ղեկավար նշանակել, հավանաբար, ցավալի է կազմակերպության համար: Կանոնադրությամբ ենթադրվում է, որ գլխավոր քարտուղարին նշանակում են այս կամ այն տարվա հունվարի մեկին՝ երեք տարով: Կտեսնենք, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը հետագայում: Մենք այս իրավիճակից հեռուն գնացող հետևություններ չենք անի… այն մասին, թե ՀԱՊԿ անդամներից մեկը տարաձայնություններ ունի մյուս անդամների հետ, և որ չկա փոխըմբռնում», - ասել է դիվանագետը:

Վերջինս կարծիք է հայտնել, որ իրավիճակը պետք է կարգավորել հնարավորինս շուտ:

«Դա մեկ սցենարի է վերաբերվում, որը սակայն չի ազդում կազմակերպության աշխատունակության, ընդհանուր արդյունավետության եւ մարտունակության վրա: Խոսակցությունները, որ ընթացիկ իրավիճակը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների, ավելորդ են»,-հավելել է Պանկինը:

Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը հետեւում է այն հանգամանքին, որ «ՀԱՊԿ-ը խաղաղության և տարածաշրջանային անվտանգության ապահովման շատ կարևոր գործիք է, այդ պատճառով կազմակերպությունը պետք է գործի հստակ»:  

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: