01/15/2026

Կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը կարգելվի, խախտելու դեպքում կսահմանվի տուգանք

Կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը կարգելվի, խախտելու դեպքում կսահմանվի տուգանք

Հայաստանում կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը սահմանափակելու օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է նման արատավոր երևույթների վերացմանը, գրագողության խնդիրների լուծմանը:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ազգային ժողովի պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ խնդիրն ամբողջությամբ չի լուծվի, սակայն այն որոշ առումով կմեղմի իրավիճակը: Նա տեղեկացրեց, որ այս խնդրի հետ կապված բազմաթիվ բողոքներ կան: Կազմակերպությունները, որոնք զբաղված են կուրսայինների, ատենախոսությունների, դոկտորականների վաճառքով, ուղղակի լուրջ խոչընդոտ են կրթության ոլորտի զարգացմանը:

«Նույնիսկ զավեշտալի դեպք է գրանցվել, երբ դիպլոմային աշխատանք է ներկայացվել ուսանողի կողմից, մի քանի օրից մեկ այլ ուսանող նույն աշխատանքը կարողացել է գնել անցումներում: Մտածում էի, թե ինչպես կարելի է արգելել նման կազմակերպությունների գործունեությունը: Քանի որ շատերը գործում էին օն-լայն տիրույթում, ինչն անվերահսկելի է, դիտարկեցի միջազգային փորձը: Տեսա, որ շատ տեղերում գնացել են նման աշխատանքների վաճառքի գովազդի արգելման ճանապարհով: Հասկանալի է, որ այս նախաձեռնությամբ խնդիրն ամբողջությամբ չի լուծի, սակայն որոշակի զգաստացման գործիք կլինի»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵՊՀ ուսխորհրդի փոխնախագահ, միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ կուրսային, դիպլոմային աշխատանք գնելու պահանջարկ կա հիմնականում ոչ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների շրջանում: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը հետևանք է մի քանի գործոնների: Մասնավորապես, բուհեր են ընդունվում ուսանողներ, որոնք շահագրգռված չեն որակյալ կրթությամբ:

«Դրանից բացի, կան ուսանողներ, որոնք ավելի շատ կիրառական բնույթի կրթությամբ են հետաքրքրված, որ հետագայում հեշտությամբ կարողանան աշխատանք գտնել: Այսինքն՝ ակադեմիական, հետազոտական բաղադրիչով այդքան հետաքրքրված չեն: Մյուս խնդիրը կապված է ուսումնական գործընթացի հետ, երբ հետազոտական բաղադրիչը շատ թույլ է: Ես մագիստրատուրային ուսանող եմ, գրել եմ երկու կուրսային և մեկ դիպլոմային աշխատանք, սակայն չեմ անցել որևէ առարկա հետազոտության հիմունքների, մեթոդոլոգիայի հետ կապված: Սա ինքնին պարարտ հող է, որ ուսանողը գլխացավանքից ձերբազատվելու համար օգտվի իր փոխարեն գրելու առաջարկներից»,-ասաց Դավիթ Մաթևոսյանը:

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրը համակարգային լուծելու համար, նախաձեռնել են մի շարք հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտի, Բարձագույն որակավորման կոմիտեի ղեկավարության հետ՝ ներդնելու հակագրագողության գործիքներ:

«Որոշ համալսարաններում կան այդ գործիքները, որոնք բավական արդյունավետ են: Ճիշտ ալգորիթմներ տալով՝ գործիքը ճշտում է աշխատանքը վերցված է այլ տեղից, թե ոչ: Չնայած ասեմ, լինում են ճկուն ուսանողներ, որոնք ամեն դեպքում գտնում են շրջանցելու տարբերակներ: Կարծում եմ, որ նաև պետք է մշակվեն ոչ բարեխիղճ կրթական արդյունք ներկայացնելու համար պատժելու միջոցներ»,- ասաց նա: Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ այստեղ կա նաև դասախոսների հետ կապված խնդիրներ: Մասնավորապես, այդ նույն դիպլոմային աշխատանքները տարբեր ձևերով ամբիոններից արտահոսում են դրանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների մոտ:

Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությունների հարցը՝ հստակեցնելու, թե ինչ պատժի չափ սահմանվի կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքը գովազդելու դեպքում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: