01/15/2026

«Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին

«Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին

Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղը, ամենայն հայոց բանաստեղծի դիմանկարները, նրա հեքիաթների հերոսներին պատկերող և այլ թեմաներով 45 կտավ ներկայացված է «Նոր սերունդ, նոր անուններ» վերտառությամբ ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում, որոշեցինք նախաձեռնել այս ցուցահանդեսը: Այն նպատակ ունի հանրահռչակել պատանի նորահայտ նկարիչներին: Ցուցահանդեսի իրականացման համար հայտարարել էինք մրցույթ` նշելով, որ բոլոր պատանի նկարիչները, որոնք ցանկանում են, որ այստեղ ընդգրկվեն իրենց ստեղծագործությունները, կարող են ներկայացնել այնպիսի գործեր,  որոնք սիրով կնվիրեին Թումանյանին: Ստացել ենք 40 հայտ, ընտրվել է 27 նկարչի աշխատանք»,-պատմեց «ԱրթԶ» կրթամշակութային հասարակականկազմակերպության փոխնախագահ Մարիամ Խաչատրյանը:

Նա հավելեց, որ Թումանյանին նվիրված միջոցառումների շրջանակում «ԱրթԶ»-ն Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին,  գրքահավաք է կազմակերպելու Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում:

Նկարչուհի Մանու Հարությունյանը, որը երկու կտավ է ներկայացրել ցուցահանդեսին, խոստովանեց, որ դրանցից մեկում պատկերված են իր կոշիկները, իսկ մյուսում` ծաղկեփունջ: «Սա այն փնջերից է, որոնք սովորաբար ստանում եմ ցուցահանդեսներից հետո: Դրանք թոշնելու հատկություն ունեն. փնջերն անմահացնելու, դրանք հիշելու նպատակով անպայման նկարում եմ»,-խոստովանեց նկարչուհին:

Խոսելով ցուցահանդեսի մասին` նա ասաց, որ յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործող պետք է օգտագործի ցուցադրվելու և ներկայանալու բոլոր հնարավորությունները:

Արվեստաբան Սաթենիկ Վարդանյանի խոսքով` Հովհաննես Թումանյանը  սերունդներին է փոխանցել ապրելու, արարելու, ստեղծագործելու, միմյանց հետ հարաբերվելու, բարու և ճշմարտության ճանապարհով առաջնորդվելու ճանապարհը: Նա շեշտեց, որ ժամանակակից սերնդի ներկայացուցիչների համար ցուցահանդեսը ինքնադրսևորվելու լավ հարթակ է:

Ցուցահանդեսը կյանքի կոչվեց «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Նկարիչների միության աջակցությամբ:

Այն բաց կլինի մինչև փետրվարի 18-ը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: