01/15/2026

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։

Այդ կապակցությամբ փետրվարի 13-ին Կապան քաղաքում համայնքապետարանի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջի եկեղեցական տոնակատարությունը:

Վահանավանքի վանական համալիրում Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժամերգություն և նորապսակների օրհնության կարգ, որից հետո համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նվերներ հանձնեց նորապսակներին, ապա եկեղեցուց բերված ճրագով վառեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը։ Նույն տոնակատարությունը շարունակվեց նաև Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ նորապսակների օրհնության կարգը մատուցեց հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը։ Այնուհետև եկեղեցու խաչի այս տարվա քավոր Գրիգորի Փարսյանը և համայնքի ղեկավարը տեր Վահան քահանա Հեբոյանի գլխավորությամբ եկեղեցուց բերված կրակով վառեցին Տրնդեզի խարույկը:

Ավանդույթի համաձայն պարահրապարակ բերվեց չարը խորհրդանշող խրտվիլակը, որը նետվեց կրակի մեջ: Ներկաները ճաշակեցին նաեւ բաժանված տոնական աղանձն ու ընդեղենը: Տոնին ուրախ տրամադրություն հաղորդեցին Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ իրենց ներկայացրած երգի, պարի եւ երաժշտական այլ համարներով: 


Այս տարի ընտանիք կազմած կապանցի զույգերը նվերներ ու ծաղիկներ ստացան քաղաքի Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորից:

 

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: