01/15/2026

Անձնական ռեկորդով դարձավ հաղթող

Անձնական ռեկորդով դարձավ հաղթող

Կապանցի եռացատկորդ Լեւոն Աղասյանը երրորդ տարին անընդմեջ նվաճել է Բալկանյան խաղերի ձմեռային առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը: Փետրվարի 16-ին Ստամբուլում կայացած Բալկանյան խաղերի 24-րդ ձմեռային առաջնության մրցաշարում 24-ամյա հեռացատկորդը հաղթել է 16 մ 71 սմ արդյունքով՝ իր հետեւում թողնելով ադրբեջանցի եւ թուրք մարզիկներին եւ սահմանելով անձնական ռեկորդ: Աթլետների ազգային հավաքականի կազմում ընդգրկված էին կապանցի Արամայիս Սարգսյանը, Մարիետա Մինասյանը:

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արշամ Սարգսյանը, ով Թուրքիայում վերոհիշյալ մրցմանը մասնակցող պատանիների պատվիրակության ղեկավարն էր, Լեւոն Աղասյանը մինչեւ փետրվարի 27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ստամբուլում՝ պատրաստվելով Եվրոպայի ձմեռային առաջնությանը, որ տեղի է ունենալու շոտլանդական Գլազգո քաղաքում: Հայաստանի ընտրանին այս պատասխանատու մրցմանը կմասնակցի երեք մարզիկով: Ստամբուլում ցույց տված արդյունքը կրկնելու դեպքում Եվրոպայի առաջիկա առաջնությունում Լեւոնը, անկասկած տեղ, կգրավի առաջատարների թվում: 

Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին Ստամբուլում տեղի ունեցավ պատանիների ձմեռային երրորդ առաջնությունը, որին մասնակցեցին կապանցիներ Գոռ Բեգլարյանը եւ Մելինե Ադամյանը: Ի դեպ, Գոռ Բեգլարյանի, Մելինե Ադամյանի եւ հավաքականի պաշտոնական ներկայացուցիչ Արշամ Սարգսյանի մասնակցությունը հովանավորել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ինչի համար նրանք հայտնում են իրենց երախտագիտությունը:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: