01/15/2026

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես բացվեց Ազգային ժողովի սրահում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես բացվեց Ազգային ժողովի սրահում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված լոռեցի նկարիչ Արմեն Լոռենցի նկարների ցուցահանդեսը բացվեց ՀՀ ազգային ժողովում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությանը ներկաներին իր խոսքն ուղղեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:  

«Կարծում եմ՝ շատ հատկանշական է, որ Թումանյանի ծննդյան տարեդարձը նշանավորում ենք լոռեցի նկարչի Լոռվա բնապատկերներով: Սիրով ընդունեցի այս նախաձեռնությունը»,-ասաց Միրզոյանը:

Ցուցահանեսի նախաձեռնության հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց՝ երկրի գրեթե ողջ քաղաքական էլիտան գտնվում է Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղում: «Եվ շատ ուրախ եմ, որ Երևանում օրենսդիր իշխանության տանը տոնում ենք Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակը»,-ասաց Մարուքյանը:

Նկարները դեռ երկար կախված կմնան Ազգային ժողովի պատերին: Մարուքյանը նշեց՝ պատգամավորները, լրագրողներն ու հյուրերը դեռ երկար կվայելեն այդ նկարները:

Նկարիչ Արմեն Լոռենցն ասաց, որ Թումանյանի ծննդյան օրը համազգային տոն է: Ինքը ևս լոռեցի է, իր ծննդավայր գյուղը Թումանյանի 100-ամյակի առիթով վերանվանվել էր Թումանյան: «Ես թեև Երևանում եմ, սակայն սիրտս Թումանյանի Լոռվա լեռներում է։ Թումանյանը մեծ բարեգործ է  եղել:  Եվ ես որոշել եմ այս տարվա իմ ցուցահանդես-վաճառքներից ստացված ողջ հասույթն ուղղել իր ծննդավայրի՝ Թումանյանի դպրոցին»,-նշեց Լոռենցն ու հավելեց՝ այդ ակցիան կատարում է նաև այս ցուցահանդեսի շրջանակում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: