01/16/2026

Մեկ ժամ Թումանյանի հետ

Մեկ ժամ Թումանյանի հետ

Թումանյանական մթնոլորտ էր Կապանի համայնքապետարանի «Ակումբագրադարանային հիմնարկ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանի ընթերցասրահում: Պոետի 150-ամյա հոբելյանին նվիրված գրքային ցուցադրանք էր կազմակերպվել, ամենուր ամենայն հայոց բանաստեղծի ասույթներն էին: Մեծադիր էկրանին սահում էին բանաստեղծի կյանքին ու գործին առնչվող փաստեր, լուսանկարներ: Գրադարանի միջոցառումների կազմակերպիչ Ռուզաննա Գալստյանը ուշագրավ դրվագներ ներկայացրեց բանաստեղծի ստեղծագործական եւ առօրյա կյանքից, մասնավորապես, այն մասին, թե ինչպես նա կոչվեց Ամենայն հայոց բանաստեղծ: Թումանյանի բանաստեղծությունների տեքստերով երգեր հնչեցին, պատանի ընթերցողները ասմունքեցին հատվածներ պոետի պոեմներից եւ բանաստեղծություններից: Ելույթ ունեցան նաեւ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները՝ ռուսերենով ասմունքելով նրա բանաստեղծություններից: Մասնավորապես, հնչեց Պուշկինի «Ձմռան գիշեր» բանաստեղծությունը, որ Թումանյանը թարգմանել է հայերեն եւ իր գեղարվեստականությամբ չի զիջում բնօրինակին: Ներկայացվեցին նրա առնչությունները ռուս բանաստեղծների հետ (Բրյուսով, Բայլմոնտ, Գորոդեցկի եւ ուրիշներ):

Վերջում միջոցառման մասնակիցները՝ Նառա Մելքումյան, Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյան, Կառլեն Թադեւոսյան, «Ակումբագրադարանային հիմնարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ ուրիշներ, շնորհակալություն հայտնեցին ցերեկույթը նախաձեռնողներին՝ իրենց թումանյանական աշխարհ տանելու համար: Փետրվարի 19-ի գիրք նվիրելու օրվա խորհրդին համահունչ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի կողմից գրադարանին հանձնվեցին թանկարժեք գրքեր:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: