01/16/2026

«Կար մի բան, որի մասին քչերը գիտեին». Հովիկ Չարխչյան

«Կար մի բան, որի մասին քչերը գիտեին». Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը՝ 1923թ. ապրիլի 15-ին: Սակայն կար մի բան, որի մասին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում՝ դիահերձման ժամանակ որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի... ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի...»:
     Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքնության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան: Միայն 1994-ին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, որ Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության»:

 
 
 

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: