01/16/2026

Նվիրված Օրբելյանների իշխանական տոհմին

Նվիրված Օրբելյանների իշխանական տոհմին

Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը կազմակերպել էր «Սյունիքի պատմության քարուղիներով» սիմպոզիում՝ «Օրբելյանները. 12-15 դարեր» թեմայով, որ հովանավորել էր Կապանի համայնքապետարանը, «Վորլդ Վիժն»- Հայաստան» Սյունիքի տարածքային ծրագիրը եւ «Եվրամիություն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագիրը: Քարուղիներ է գրված վերնագրում, ոչ թե քառուղիներ, եւ դա վրիպակ չէ, սիմպոզիումի կազմակերպիչները նկատի ունեն Սյունիքի քարե ուղիները: Օրբելյաններն առանցքային դեր են խաղացել Սյունիքի պատմության մեջ: Սյունիքի տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ այդ մասին հանգամանորեն պատմում է, նաեւ որպես ականատես: Մի քանի դար Սյունիքի ռազմաքաղաքական կյանքի կազմակերպման եւ ղեկավարման պատմական դերը վերապահվել էր Օրբելյանների իշխանական տոհմին, որն արդեն 13-րդ դարի առաջին քառորդում հասավ իշխող դիրքի: 

Օրվա բանախոսները հիմանականում երիտասարդներ էին, եւ սիմպոզիումը հենց նպատակ ուներ նրանց միջոցով լուսաբանել Սյունիքի պատմությանն առնչվող իրողությունները՝ դրանք դարձնելով հանրամատչելի:

Զեկուցումներն ընդգրկում էին թեմաներ նվիրված Օրբելյանների ծագումնաբանությանը (ո՞վ է Ստեփանոս Օրբելյանը), Օրբելյան իշխանական տոհմի ապրած պատմական ժամանակաշրջանին եւ ներքին քաղաքականությանը, այն մասին, թե ինչու է Սմբատ Օրբելյանը կոչվել «Սմբատ արքա», հայ-վրացական հարաբերություններին, Նորավանքի դամբարանին եւ պատմությանը, որպես միջնադարյան մշակութային երեւույթ եւ այլն: Առանձին զեկուցմամբ պատմվեց Տաթեւի Օրբելյանների երեւելի ներկայացուցիչների մասին: Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը ներկայացրեց Օրբելյան տոհմի ծագումնաբանությունը:

Միջոցառման ավարտին «Վարք Բաբիկի» գրական կոմպոզիցիայով հանդես եկան Կապանի արվեստի մանկական դպրոցի սաները: Իսկ ամենավերջում օրվա բանախոսներին հանձնվեցին հավաստագրեր: 

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: