01/16/2026

Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրեական գործ

Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրեական գործ

 Առաջիկայում Քննչական կոմիտեն կվերանայի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով:Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել որդեկորույս մայրերին և խոստացել միջնորդել, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով:

Այդ կապակցությամբ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել:

Ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան քրեական գործերը: Այն գործերը, որոնք հանրության շրջանում կասկածներ են հարուցել, որոնց պաշտոնական վարկածները տուժող կողմի ներկայացուցիչները տարիներ շարունակ համարել են կողմնակալ ու կասկածելի:

«Սա առաջին անգամ է, որ նման ձևաչափով գործունեություն է իրականացվում , և մենք ևս մեկ անգամ ուզում ենք փաստել, որ Քննչական կոմիտեն բաց է համագործակցության համար: Մեզ համար շատ կարևոր է հասարակական վերահսկողությունը, և վստահ ենք, որ այն աշխատանքը, որ  համատեղ կատարելու ենք հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, տալու է իր դրական արդյունքները»,- ասել է  Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ  Արտակ Կրկյաշարյանը:

Առաջիկայում կվերանայվեն աղմկահարույց 5 քրեական գործեր, որոնք ընտրվել են համագործակցող ՀԿ-ների կողմից:

Հնգյակում Վալերիյ Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի գործերն են, ինչպես նաև Մատաղիսի հայտնի գործը, երբ երկու զինծառայողի կյանք խլած հանցագործն այդպես էլ չհայտնաբերվեց:

«Աշխատանքային խմբի գործունեությունը միտված է նրան, որպեսզի ի հայտ բերվեն, եթե այդպիսիք կան, թերությունները, որոնք տեղ են գտել  քրգործերի նախաքննության ընթացքում:  Եթե փաստվի որևիցե խախտում կամ հանցագործության դեպք, որոնք տեղ են գտել քրեական գործերի նախաքննության ընթացքում, ապա պատասխանատվությունը կլինի անխուսափելի»,- նշել է Արտակ Կրկյաշարյանը:

Աշխատանքային ընթացակարգի պահանջով ամսական առնվազն մեկ անգամ համատեղ նիստ կգումարվի, հնարավոր են նաև արտահերթ նիստեր: Աշխատանքային խմբում ընդգրկված է նաև զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը:

Հարկ եղած դեպքում քննիչները կներկայանան պարզաբանումներ տալու:

Ճի՞շտ էին կասկածները տարբեր տարիների վաղեմության քրեական գործերի առնչությամբ, հաստատվելո՞ւ, թե փարատվելու են տուժողների, հարազատների առաջ քաշած վարկածները. Արտակ Կրկյաշարյանը վստահեցնում է` գործերը կուսումնասիրվեն ողջամիտ ժամկետներում, այդ ժամանակ էլ պարզ կլինի:

Առաջին հինգ գործերի լրացուցիչ քննությունից հետո հերթով անդրադարձ կկատարվի կասեցված կամ կարճված այլ գործերի, որոնց քննության ընթացքի անաչառությանը նույնպես հանրությունը ու տուժողների ներկայացուցիչները չեն վստահում: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: