01/16/2026

Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մեկնարկին նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրի դեսպանին, ում պետության հետ հարաբերությունները գտնվում են չափազանց կարևոր հանգրվանում և հավելել, որ հայ-շվեյցարական կապերի ամրապնդումը, խորացումն ու համագործակցության նոր եզրեր գտնելը Հայաստանի նոր կառավարության օրակարգի մաս են կազմում։ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ հաջողված համագործակցության արդյունքում  Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալությունը գործընկեր կազմակերպությունների հետ 2014 թվականից սկսած մեծ ներդրում է  ունեցել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների և տեղական ինքնակառավարման համակարգի կարողությունների հզորացման  գործում»,- ասել է նախարարը՝ կարևորելով հետագա փոխգործակցության նոր և բազմաշերտ ուղղություններ փնտրելու անհրաժեշտությունը։

Դեսպան Լազարոթոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Շվեյցարիան շահագրգռված է աջակցել Հայաստանի համայնքներում հաշվետվողականության, արդյունավետության, քաղաքացիներին ավելի հասանելի ծառայություններ մատուցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Դեսպանը նաև ուրախությամբ փաստել է, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված ներդրումային միջավայրը դրական ազդակներ է ուղարկում շվեյցարացի պոտենցիալ ներդրողներին։

Նախարարը վերահաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության, ինքնաբավության, տեղական ժողովրդավարության խորացման ուղղությամբ կառավարության հանձնառությունը և հույս հայտնել, որ այդ գործում կարող են ապավինել եվրոպական երկրների զարգացած փորձին ու կուտակած իմացությանը։ Անդրադարձ կատարելով կառավարության կողմից մեկնարկած տնտեսության առողջացման և բարեփոխումների մի շարք միջոցառումներին՝ Սուրեն Պապիկյանը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են տնտեսության տարբեր ճյուղերում շվեյցարական կապիտալի ավելի լայն ու ակտիվ ներկայացվածությամբ։ 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: