01/16/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ Հայոց բանակի փիլիսոփայությունը փոխվել է՝ պաշտպանականից դառնալով հարձակողական:

Ըստ Sputnik.az-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այլևս 1990-ական թվականները չեն, և «Ադրբեջանի ուժեղ տնտեսությունը, ներքին ու արտաքին հաջողված քաղաքականությունը երկիրը տարածաշրջանի առաջատարն են դարձրել»:

«Անհնար է Ադրբեջանին վախեցնել Հայաստանի պաշտոնատար անձանց՝ քարոզչական բնույթի էժանագին հայտարարություններով: Այսօր Ադրբեջանը բավական ուժեղ, օկուպացված տարածքներն ազատագրելու վճռականությամբ լի Զինված ուժեր ունի»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Դրանում նշվում է նաև, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը միջազգային հանրությանը ցույց է տալիս, թե իրականում «ով է ձգտում խաղաղության, և ով է ագրեսիվ քաղաքականություն վարում՝ հարձակողական սպառազինություն ձեռք բերելով»:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում նշել էր, որ բանակում հոգեբանությունը փոխվում է. «Փոխվում է հոգեբանությունը, մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրել։ Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում»: 



factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: