01/16/2026

Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են՝ ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով

Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են՝ ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքների մասին:  Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Նա առանձնակի կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին և ժողովրդական հեղափոխությանը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների: Նիկոլ Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: