01/16/2026

Արցախը բանակցային կողմ դարձնելը հնարավոր է երկու հայկական պետությունների միջև քաղաքական համաձայնագրի կնքմամբ. Դավիթ Իշխանյան

Արցախը բանակցային կողմ դարձնելը հնարավոր է երկու հայկական պետությունների միջև քաղաքական համաձայնագրի կնքմամբ. Դավիթ Իշխանյան

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առանցքային հարց է դարձել Արցախի ներգրավվածությունը արցախյան հիմնախնդրի լուծման բանակցություններում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ ընդգծելով, որ դեռեւս 2007 թվականի  Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը, որպես հիմնախնդրի լուծման առավել արդյունավետ տարբերակ շեշտվել է Արցախի մասնակցության անհրաժեշտությունը բանակցային գործընթացին:
 
«Այս օրերին քննարկումների արդյունքում պարզվում է, որ դեռևս 1997 թ.-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք է Արցախը դուրս մղվել բանակցություններին ուղղակի մասնակցության ձևաչափից: Դեռևս կան չբացահայտված էջեր, համոզված ենք և անհրաժեշտ ենք գտնում, որ հանրությանը թափանցիկորեն ներկայացվի այդ օրերին տեղի ունեցածը: Այժմ, երբ ՀՀ իշխանությունների կողմից բանակցությունների սեղանին է դրված Արցախի մասնակցության հարցը, անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվեն այդ բանակցություններին մասնակցելու իրավական հիմնավորումները: Եվ դա հնարավոր է միայն ու միայն երկու հայկական հանրապետությունների միջև քաղաքական համաձայնագրի կնքման միջոցով: Այդ համաձայնագրում պետք է ամրագրվեն երկու հանրապետությունների իրավասություններն ու լիազորությունները միմյանց նկատմամբ, ինչպես նաև սահմանվեն միջազգային ասպարեզում յուրաքանչյուրի ստանձնելիք դերն ու պարտավորությունը»,- մասնավորապես նշել է Դ. Իշխանյանը:
 
Պատգամավորի կարծիքով՝ մյուս կողմից վերը նշված համաձայնագիրը կլինի միասնականության վառ ապացույց և կարեւորագույն գործնական քայլ ապացուցելու համար ՀՀ առաքելությունը՝ որպես հայ ժողովրդի իղձերի և տեսլականների իրականացման երաշխավոր և կռվան:
 
«Եռամիասնությունը մեր ժողովրդի իղձերը իրականացնելու կարևորագույն հենասյուներից մեկն է, իսկ դրա համար գործնական առանցք պետք է հանդիսանա ՀՀ-ն, գաղափարական հենքը պետք է սերվի Արցախից՝ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի մերօրյա դրոշակակրից: Ռազմաքաղաքական դաշինքը մի անգամ ևս գալու է ապացուցելու մեր ժողովրդի միասնական կամքն ու վճռականությունը»,- ավելացրել է Դ. Իշխանյանը:

 

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: