01/16/2026

Հայաստանում բոլոր գազավորված ըմպելիքները կհարկեն ակցիզային հարկով. զուգահեռաբար կլուծվի առողջապահական խնդիր

Հայաստանում բոլոր գազավորված ըմպելիքները կհարկեն ակցիզային հարկով. զուգահեռաբար կլուծվի առողջապահական խնդիր

Հայաստանում բոլոր գազավորված ըմպելիքները կհարկվեն ակցիզային հարկով: Լրացուցիչ եկամուտների հավաքագրմամբ որոշակիորեն կլուծվի բյուջեի կորստի խնդիրը, որն առաջանալու է եկամտահարկի նվազեցման և այլ բարեփոխումների արդյունքում: Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկումը կլուծի նաև առողջապահական խնդիր:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծում կատարված վերանայումների մասին խոսեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նախագծի սկզբնական տարբերակով առաջարկվում էր հարյուր գրամ ծավալում 5 և ավելի գրամ շաքար պարունակող խմիչքները հարկել ակցիզային հարկով: Փոփոխությունը, բացի բյուջեի կորուստը լրացնելուց, նաև առողջապահական որոշակի նպատակ հետապնդո՞ւմ է:

«Սկզբնապես մեր առաջարկն այդպիսին էր, հետո այն վերանայվեց: Հիմա լրամշակված նախագծով առաջարկվում է ակցիզային հարկով հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ շաքարայնության հիման վրա հարկային վարչարարություն իրականացնելը կարող է ուղեկցվել որոշակի բարդություններով այն առումով, որ ըմպելիքների պիտակների վրա հազվադեպ է մակնշվում շաքարի պարունակությունը, իսկ գազավորված լինելն ավելի տեսանելի, ավելի վերահսկելի հատկանիշ է և կարելի է ավելի արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնել»,-ասաց Պողոսյանը:

Նա նշեց՝ նման փոփոխության նպատակը մի կողմից լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելն է, իսկ մյուս կողմից այն նաև կսահմանափակի վնասակար սպառումը: Փոխնախարարը նկատեց՝ թե գազավորված ըմպելիքները, թե բարձր շաքարայնությամբ ըմպելիքներն առողջապահական տեսանկյունից խնդրահարույց են:

Այս դրույթը կազմելիս ՀՀ ֆինանսների նախարարությունը նաև մանրամասն քննարկումներ է անցկացրել Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

Աննա Գրիգորյան

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: