01/11/2025

Չվճարված աշխատավարձ՝ թունելագործների աշխատանքի դիմաց պատվիրատու կազմակերպությունների կողմից վճարումները ժամանակին չկատարելու հետեւանքով

Չվճարված աշխատավարձ՝ թունելագործների աշխատանքի դիմաց պատվիրատու կազմակերպությունների կողմից վճարումները ժամանակին չկատարելու հետեւանքով

Մարտի 4-ի առավոտյան «Թունել» փակ բաժնետիրական ընկերության 20-25 աշխատակից Սյունիքի մարզպետարան էր այցելել բարձրաձայնելու իր չվճարված արձակուրդների եւ աշխատավարձերի մասին. ընկերության մարդիկ երեք ամիս է` աշխատավարձ չեն ստանում։

Ընկերությունում նման իրավիճակ է ստեղծվել կատարված աշխատանքների դիմաց պատվիրատու կազմակերպությունների կողմից վճարումները ժամանակին չկատարելու հետեւանքով:

Բողոքավորների երեք հոգանոց խմբին ընդունել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ծանոթացել նրանց պահանջներին, տեղեկացրել, որ զուտ իրավական առումով ինքը սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաց բաժնետիրական ընկերությունների գործերին չի կարող միջամտել:

Մարզպետը, այդուհանդերձ, հորդորել է ընկերության սեփականատիրոջը՝ հերթական անգամ ներդնելու իր միջոցները՝ կայունացնելու ընկերության գործունեությունը: 

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց «Թունել» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Գոռ Բարսեղյանը, ընկերությունում աշխատող 70 հոգուց մի մասը հարկադիր պարապուրդի մեջ է, միայն 12 հոգանոց մի խումբ է աշխատում Ագարակում՝ կատարելով տեղի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարական պատվերը։ 

Նա նաեւ փոխանցեց, որ Սյունիքի մարզպետարանն ու ընկերության պատասխանատուներն ուղիներ են փնտրում` թունելագործներին աշխատանքային ճակատով ապահովելու համար, ինչը նրանց կերաշխավորի կայուն աշխատավարձ, նաեւ հնարավորություն կտա ապահովել մասնագիտական բացառիկ ներուժ ունեցող այդ ընկերության բնականոն գործունեությունն ու զարգացումը: 

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: