01/16/2026

«Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը». մայոր Սարգիս Ստեփանյան

«Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը». մայոր Սարգիս Ստեփանյան

Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունն է թափված, ինչ-որ տեղ Արցախում ինձնից մի մասնիկ կա, ինչ-որ մի փոքրիկ արցախյան հողակտոր իմ սեփական արյամբ է ջրված, և ես այսօր ուղղակի հպարտ եմ դրա համար: Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար: Ու հպարտ եմ հատկապես նրա համար, որ ամեն անգամ Եռաբլուր բարձրանում եմ գլուխս բարձր, ու չնայած ոտքերս ձեզնից շատերի նման հողին չեն դիպչում և այլևս երբեք չեն դիպչելու, բայց ես անհունորեն հպարտ եմ, որ իմ արյունն է ամեն օր եռում նույն այդ հողի խորը խորքերում, որը հայաստանցի ու արցախցի չի ճանաչում, որը հավերժորեն կարոտ է իմաստուն տիրոջ: Ու հողը բնավ չի ընկալում, որ այսօրվա մեր մթագնած ուղեղներում հանկարծ կրկին արթնացել է այդ հիվանդագին տարբերակումը: Ի՜նչ վիրավորանք հողի նկատմամբ, ինչպիսի՜ անգրագիտություն…
Ու ամեն անգամ, երբ ոմանց թշնամաբարո ձեռքով բարձրանում է այս հարցը, ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունը եռ է գալիս հողի խորը շերտերում, և միայն այդժամ ես սկսում եմ երերալ ու հանկարծ հիշել, որ այլևս իմ ոտքերով չեմ դիպչում այս հազարամյա հողին:
Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը, սա չէր մեր կողքին ապրող հաղթած տղերքի գիտակցված կռվի ցանկալի արդյունքը: Ուստի բավ է, բավ, մի պահ կանգ առեք և հենց այդ քարացած ակնթարթին հիշեք, որ Արցախի հողում Դուշման Վարդանների, Մոնթեների, Լեոնիդ Ազգալդյանների, այսօր արդեն Ռոբերտների, Սասուների, Արմենակների, Արարատների, Արշակների, Ազատների ու երկնքում ճախրող հազարավոր արծիվների արյունն է խլրտում ու կանչում սթափության, կանչում, սպասում, հավատում, որ երբևէ այս տառապած հողում մարդիկ այնքան իմաստուն կդառնան, որ վերջապես կհասկանան՝ չի լինում հայաստանցի ու արցախցի, լոռեցի ու գյումրեցի, լինում է հայ, ուղղակի հայ…

zham.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: