01/16/2026

Այս պահին Մեղրու ազատ տնտեսական գոտին ինչո՞վ է զբաղված. Բագրատյանը` կառավարությանը

Այս պահին Մեղրու ազատ տնտեսական գոտին ինչո՞վ է զբաղված. Բագրատյանը` կառավարությանը

Ի սկզբանե նախատեսված էր, որ Մեղրու ազատ տնտեսական գոտում պետք է ներգրավվեր 150-ից 170 մլն դոլարի ներդրումներ, նախատեսված էին արտասահմանից ներդրումներ, կային շահառու կազմակերպություններ, որոնք պետք է գործունեություն ծավալեին այդտեղ, նախատեսված էր 1500 աշխատատեղի ստեղծում. այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանը հետաքրքրվեց` այս պահին Մեղրու ազատ տնտեսական գոտին ինչո՞վ է զբաղված, ի՞նչ գործունեություն է ծավալում, ի՞նչ արդյունք կա:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ որոշումը կայացվել է 2017 թվականի աշնանը և հատկացված տարածքը եղել է 1.8 հեկտարի չափ: «Շենքը կառուցվեց այդ 1.8 հեկտարի վրա, և դա առաջին փուլն էր ընդամենը: Նախատեսվում էր, որ պետք է տեղի ունենա հետագա ընդլայնումներ, հողամասի տրամադրում, որ հնարավոր լինի շահագործողներին գործելու իրավունք հատկացնել»,- նշեց նախարարը:

Խաչատրյանի խոսքով` այդ հողամասերը պատկանում են մասնավոր անձանց: «Նախարարությունում փորձել ենք քննարկել, թե ինչ եղանակով կարող ենք այդ տարածքը ներգրավել ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով, ցավոք, որևէ առարկայական համաձայնության հասնել հնարավոր չի եղել, որովհետև այդ անձանց իրավունքն էր համաձայնել, կամ` ոչ»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` անհրաժեշտություն է առաջացել հանրային գերակա շահ ճանաչելու եղանակով հնարավորություն տալ աշխատանքների հետագա կազմակերպման համար: «Ընթացակարգը ժամանակ է պահանջում, ստիպված ենք գնալ այդ ճանապարհով և առաջիկայում մենք ունենալու ենք կոնկրետ այդ ուղղությամբ արվող քայլեր, որոնց ընթացքի մասին կզեկուցենք»,- ասաց Խաչատրյանը:

Բագրատյանն էլ առաջարկեց ազատ տնտեսական գոտի ստեղծել նաև Գյումրիում, ինչը կնպաստի հանրապետության երկրորդ քաղաքի զարգացմանը:

«Սովորաբար ազատ տնտեսական գոտիները կազմակերպվում են մասնավոր նախաձեռնության շուրջ քննարկումների արդյունքում:

Գյումրու ուղղությամբ քննարկում է  եղել մեկ կազմակերպության կողմից: Օդանավակայանից ոչ շատ հեռու գտնվող տարածքում նախատեսում էր ծավալել լոգիստիկ կենտրոնի ստեղծման ուղղությամբ ներդրում, եղել է գաղափարի շուրջ քննարկում, բայց դրանից առաջ նախաձեռնությունը չի գրանցել»,- արձագանքեց նախարարը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: