03/22/2026

Փաշինյան – Ալիև հանդիպումները պետք չէ թերագնահատել. ԵԱՀԿ ղեկավար

Փաշինյան – Ալիև հանդիպումները պետք չէ թերագնահատել. ԵԱՀԿ ղեկավար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բազում մարտահրավերներ կան, սակայն գործընթացին դրական խթաններ հաղորդելու բոլոր հիմքերը կան։

Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագհի վերջերս տեղի ունեցած մի քանի հանդիպումները շատ կարևոր են։ Պետք չէ թերագնահատել դրանք։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։ Հայաստանում նա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված քննարկումներ է անցկացում։

«Ես այստեղ եմ, որ հաստատեմ մեր հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ–ում մեր նախագահությունն ուղղված է մարդկանց շահերի պաշտպանությանը։ Մենք ուզում են հնարավորինս ապահով ապագա կառուցել այդ տարածաշրջանում ապրող մարդկանց համար։ Ուզում ենք նաև, որ մեր նախագահությունը նպաստի տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակների լուծմանը», – նշեց Լայչակը։

Նա ողջունեց հակամարտության գոտում էսկալացիայի նվազեցումը։ Նախարարի խոսքով` մարտահրավերները շատ են, սակայն կարգավորման գործընթացին կարելի է դրական խթաններ հաղորդել։

«Կարծում եմ` բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության։ Այս իմաստով վստահ եմ, որ պետք չէ թերագնահատել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մի քանի հանդիպումների նշանակությունը։ Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը կարգավորված չէ, բայց վստահ ենք, որ քայլ առ քայլ այս մոտեցումը կհանգեցնի խնդրի լուծմանը։ Բանակցությունների յուրաքանչյուր դրական գործընթաց կամրապնդի կայունությունը շփման գծում», – ավելացրեց Լայչակը։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հերթին նշեց, որ կարգավորման հարցում դրական դինամիկա կա։ Հայաստանն ամբողջովին վստահում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին։

Պատասխանելով երկու առաջնորդների հանդիպման ժամկետների մասին հարցին` Մնացականյանը կոչ արեց զինվել համբերությամբ, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Նախարարը կարծում է, որ այս փուլում ճիշտ չի լինի որևէ լրացուցիչ բան ասել այդ հարցով։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: