Ամեն տարի մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս տարի այն նշվում է մարտի 15-ին: Այն կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու առողջ քնի կարևորությանը, քնի հիգիենայի կանոնների պահմանմանը և քնի խանգարումների մասին տեղեկությունների տարածմանը։ Քնի խանգարումների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, սակայն քչերը գիտեն այդ մասին կամ դիմում մասնագետի օգնությանը։
Առողջ քուն ունենալու համար շատ կարևոր է պահպանել քնի հիգիենան` վարքային դրական սովորությունները:
Ներկայացնում ենք քնի հիգիենայի հետևյալ կանոնները.
- Պետք է ունենալ քնելու և արթնանալու հստակ ռեժիմ: Սա նշանակում է, որ կարևոր է քնել և արթնանալ միևնույն ժամերին, անկախ այն բանից` աշխատանքային օր է, թե հանգստյան:
- Քնելուց 2 ժամ առաջ պետք է խուսափել նյարդային համակարգը կամ հոգեհուզական դաշտը ակտիվացնող գործողություններից: Խորհուդ չի տրվում ունենալ ֆիզիակական ակտիվություն քնելուց առաջ:
- Պետք է խուսափել քնել ցերեկային ժամերին: Սա հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ անքնություն ունեցողների վրա:
- Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին օգտագործել կոֆեին պարունակող ըմպելիքներ և ուտելիքներ` սուրճ, թեյ, կոկա-կոլա, շոկոլադ:
- Երեկոյան ժամերին պետք չէ օգտագործել դժվար մարսվող ուտելիք:
- Ալկոհոլը բացասաբար է ազդում քնի որակի վրա: Այն նպաստում է գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանալուն և առավոտյան քնից չբավարարված լինելուն: Ուստի, պետք չէ օգտագործել ալկոհոլ հատկապես երեկոյան ժամերին:
- Անհրաժեշտ է քնել մութ սենյակում, ինչը նպաստում է քնի հորմոնի` մելատոնինի, արտադրմանը մեր օրգանիզմում:
- Պետք է ձգտել ունենալ ոչ աղմկոտ քնելու միջավայր:
- Կարևոր է հետևել սենյակային ջերմաստիճանին, քանի որ ոչ ցուրտ պայմանները, ոչ էլ բարձր ջերմաստիճանը նպաստավոր չեն քնելու համար:
- Խորհուրդ է տրվում քնելուց մեկ երկու ժամ առաջ հրաժարվել սմարթֆոններից և այլ սարքերից, քանի որ դրանք ընկճում են քնի սկսվող գործընթացը։
armenpress.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































