01/17/2026

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.
 
«Արցախի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին
Մեծարգո պարոն Նախագահ
 
2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):
 
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին:
 
Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում:
 
Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը:
 
Հարգանքով՝
 
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան»:
 

 

 artsakhpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: