01/17/2026

Բուհերի ուսանողներն ուսումնառության գործընթացի մի մասը կանցկացնեն գործատուի մոտ. նախարարությունը կներդնի դուալ կրթության համակարգ

Բուհերի ուսանողներն ուսումնառության գործընթացի մի մասը կանցկացնեն գործատուի մոտ. նախարարությունը կներդնի դուալ կրթության համակարգ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել միջին մասնագիտականում արդեն փորձարկված դուալ կրթության համակարգը: Բուհերի ուսանողներն ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան իրենց ընտրած ոլորտում հմտանալ` գործատուների մոտ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելով:

«Բարձրագույն կրթության ոլորտում դուալ համակարգը ենթադրում է գործատուների հետ շատ սերտ կապ` պրակտիկաների և աշխատանքային փորձի ձեռքբերում ուսումնառության գործընթացում: Շատերն են բողոքում, որ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվելիս պահանջում են աշխատանքային փորձ: Հաճախ այս աշխատանքային փորձի բացակայությունը հանգեցնում է նրան, որ տևական ժամանակ մեր շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել: Հիմա այս համագործակցությամբ և պրակտիկաների ինստիտուտի խորացմամբ պետք է այդ հնարավորությունը ստեղծենք, որ ուսումնառության գործընթացում տվյալ մասնագիտությունը ստացող ուսանողը հնարավորություն ունենա հմտանալու այդ ոլորտում պրակտիկայի միջոցով: Սա կլուծի մի քանի հարց, որոնցից ամենակարևորն արդեն ուսումնառության ընթացքում պրակտիկ գիտելիքների ձեռքբերումն է»,-ասաց նախարարը:

Դուալ կրթության ներդրման պարագայում ուսանողն ուսումնական գործընթացի մի մասն անցկացնելու է բուհում, մյուս մասը`գործատուի մոտ աշխատանքի վայրում: Համակարգի ներդրման պարագայում, օրինակ, բուհերում կլինեն մոդուլներ, որի համար անհրաժեշտ կլինեն կրեդիտներ` նման պրակտիկաների միջոցով: Նախարարը նկատեց` տարբեր երկրերում տարբեր մեխանիզմներ կան:  Երկրներ կան, որտեղ բուհն է ստեղծում նման պրակտիկաների հնարավորություններ, երկրներ կան, որտեղ ուսանողն ինքն է որևէ հաստատությունից կրեդիտներ բերում: Կա նաև երկուսի համադրության տարբերակը: Հարությունյանի կարծիքով` Հայաստանում հավանական է երրորդ տարբերակի կիրառումը: Նա, սակայն, շեշտեց, որ ամեն ինչ դեռ նախնական փուլում է: «Դա դեռ սաղմնային վիճակում գտնվող գաղափար է, որը շատ հնարավոր է, որ իր արտացոլումը գտնի Բարձրագույն կրթության մասին օրենքում»,-նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ դուալ կրթության համակարգը ներդրվել էր միջին մասնագիտական կրթության ոլորտում: Համակարգը, սակայն, ներդրված է ոչ բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Հիմա պետությունը ձգտում է, որ այս գործընթացն ընդլայնվի: Հարությունյանն այդ առումով բարձրագույն ուսումնական հաստատություններում նման պրակտիկայի կիրառումը նույնպես կարևոր համարեց:

Դուալ կրթական համակարգը 2017-ից նախնական իրականացվել է Հայաստանի չորս միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` չորս մասնագիտությունների գծով: Պիլոտային ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն են Տավուշի տարածաշրջանային քոլեջը (ավտոմեխանիկների, ավտոէլեկտրիկների պատրաստման գործընթաց), Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջը (գինեգործություն), Երևանի հումանիտար քոլեջը (տուրիզմ), Շիրակի տարածաշրջանային քոլեջը (ՏՏ ոլորտ):

Շիրակի տարածաշրջանային քոլեջի ուսումնական հարցերով փոխտնօրեն Անահիտ Կարապետյանը նշեց, որ դուալ կրթական համակարգով ուսանողները յուրաքանչյուր մոդուլի տեսական մասը քոլեջում են ուսումնասիրում, իսկ պրակտիկ մասն անցկացնում են տվյալ գործատուի մոտ: «Երկրորդ կուրսեցիները պրակտիկա են անցնում շաբաթական մեկ օր, իսկ երրորդ կուրսեցիները` երկու օր: Ուսանողները պրակտիկայի են գնում հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում»,-նշեց փոխտնօրենը:

Նրա կարծիքով` համակարգի արդյունքները դրական կլինեն, քանի որ ուսանողները համատեղության կարգով սովորում են տեսությունը, իսկ հետո պրակտիկ պարապմունքներ անցնում:

Աննա Գրիգորյան

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: