01/17/2026

Փաշինյանը բացահայտել է Մեղրիում նախորդ իշխանությունների կատարած կասկածելի գործարքները

Փաշինյանը բացահայտել է Մեղրիում նախորդ իշխանությունների կատարած կասկածելի գործարքները

ՀՀ նոր իշխանությունները պարզել են Մեղիի ազատ տնտեսական գոտու տարածքում իրենց նախորդների կատարած կասկածելի գործարքները։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատմեց, որ երբ այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի, պարզել է, որ տարածքը հող չունի։ Այդ տարածքի հողերը կասկածելի գներով սեփականաշնորհվել են հենց այն ժամանակ, երբ կառավարությունն արդեն իմացել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրի մասին։

«Մենք առաջարկեցինք` բերեք սուս ու փուս ինքներդ հետ վերադարձրեք։ Խնդրեցինք քաղաքավարի, նրանք մերժեցին։ Մենք ասացինք` շատ լավ, ավելի մանրամասն կծանոթանանք։ Ավելի մանրամասն ծանոթացանք ու հիմա քրեական գործ է հարուցվել»,– ասաց Փաշինյանը։

Մի շարք կեղծ մրցույթների փաստեր էլ, Փաշինյանի խոսքով, ՀՔԾ–ն բացահայտել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում։ Բոլոր այս պայմանագրերն, ըստ նրա, ներկայացվել են Տարածքային կառավարման նախարարություն` իրավական գործընթացով դրանք չեղյալ հայտարարելու համար։

«Եթե պայմանագրերում կլինեն խախտումներ, դրանցով ձեռք բերված հողերը կվերադարձվեն պետությանը»,– հայտնեց Փաշինյանը` հավելելով, որ Վերահսկողական ծառայությանը հանձնարարել է այցելել Ռանչպար գյուղի ավազահանք և ստուգումներ իրականացնել, քանի որ այդ գյուղ օրեր առաջ կատարած այցի ընթացքում է տեղեկացել, որ ավազահանքի սեփականատերերը նախկին պաշտոնյաներ են։

ՀՀ վարչապետը խորհուրդ տվեց նման գործարքներով սեփականատեր դարձած անձանց կամավոր այցելել պետական մարմիններ ու առանց իրավական գործընթացի պետությանը վերադարձնել գողացածը։ Հակառակ դեպքում, վարչապետը խոստանում է դիմել խիստ միջոցների։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: